Հայաստանում գիտության դոկտոր-պրոֆեսորները հավաքարարից, վարորդից, պահակից քիչ աշխատավարձ են ստանում
Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԳԱԱ թղթակից անդամ Արթուր Իշխանյանը:
«Երկու օր առաջ Գիտության համաշխարհային օրն էր, և մի երկիր, իմիջիայլոց, հազվագյուտ երկրներից մեկը (նկատի ունի Հայաստանը.- Մ.Ա.), որը հայտարարել է գիտությունը որպես գերակա ոլորտ, ընդհանրապես որևէ միջոցառում չունեցավ, որևէ հիշատակում չարվեց այդ մասին: Եվ սա՝ այն դեպքում, երբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ակտիվ ձեռնարկումներ է ունենում երկրների կառավարությունների հետ, այդ օրը նշելու ուղղությամբ կոչեր է անում, որոնք հասցեագրվել են նաև մեր կառավարությանը: Ավելին՝ այդ օրը գիտական հանրության բազմաթիվ ներկայացուցիչներ տարբեր դիմումներ են հղել հանրապետության առաջին դեմքերին՝ առաջարկելով անդրադառնալ բուն երևույթին: Այնուամենայնիվ, ընդհանրապես որևէ անդրադարձ չկա»,- հայտարարեց բանախոսը:
Արթուր Իշխանյանի հավաստմամբ՝ Հայաստանում լուրջ խնդիրներ ունեն նաև երիտասարդ գիտնականները, որոնք այսօր թվով մոտ 500-ն են, մինչդեռ պետք է լիներ գոնե 5000 երիտասարդ գիտնական: Այդ երիտասարդների արտահոսքն ուղիղ այնքան է, որքան նրանք մտնում են գիտության ասպարեզ: Նրանք այսօր շատ լավ զարգացնում են օտարների գիտությունը: «Ամենաբարձր ամբիոններից հնչում են ամպագոռգոռ հայտարարություններ առ այն, որ գիտությունը Հայաստանում հանդիսանում է ռազմավարական նշանակության ոլորտ: Ես Ձեզ կարող եմ հիշեցնել սեպտեմբերի 1-ին ՀՀ վարչապետի՝ Արցախի պետական համալսարանի ուսանողության և պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ կատարված հայտարարությունը, ըստ որի՝ այսօր Արցախյան ազատագրական պայքարի ճակատն անցնում է հենց գիտության ոլորտ: Այդտեղ է, որ մենք պետք է արձանագրենք հաջողություններ, որպեսզի արժանի լինենք մեր ազատամարտիկների շիրիմներին: Սրանք շատ պատասխանատու բառեր են»,- ասաց Ա. Իշխանյանը՝ ավելացնելով, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ստեղծված «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնությունն արդեն 2,5 տարի շարունակ ոլորտում առկա խնդիրները ներկայացնում է ՀՀ ղեկավարությանը, որն էլ հրաշալիորեն տեղեկացված է իրավիճակից: Տեղի են ունեցել հանդիպումներ նախագահի, կրթության և գիտության նախարարի, մնացած պաշտոնյաների հետ:
Բոլոր խնդիրները բարձրաձայնված են: Ավելին՝ 2011 թվականի մայիսին ՀՀ կառավարությունն ընդունել է «գիտության զարգացման ռազմավարություն» 10-ամյա կտրվածքով ծրագիր, որտեղ նշված է, որ ՀՀ կառավարությունը պլանավորում է մինչ 2020 թվականը Հայաստանի գիտության ֆինանսավորումը հասցնել եվրոպական միջինին, ինչն այսօր կազմում է ՀՆԱ-ի 1.9-2 տոկոսը:
ՄԱՐԻԱՄ ԱՅԴԻՆՅԱՆ