Բաժիններ՝

Ա. Աշոտյան. «Եղեք ավելի նախանձախնդիր և պահանջատեր ուսումնական գործընթացին վերաբերող ցանկացած հարցում»

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն երիտասարդության օրվա կապակցությամբ հանդիպում է ունեցել պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ:

Նախարարը շնորհավորել է նրանց երիտասարդության օրվա առիթով և մի քանի ուսանողական խորհուրդների պարգևատրել ԿԳՆ «Ոսկե հուշամեդալով»՝ ուսանողական կառույցների կայացման գործում ունեցած ավանդի ու արդյունավետ գործունեության համար:

Ա. Աշոտյանը շեշտել է, որ պարգևներն ուսանողական կառույցներում ընդգրկված նախորդ սերունդների աշխատանքի արդյունքն է: Շնորհավորելով երիտասարդներին՝ ՀՀ ԿԳ նախարարը շեշտել է, որ երկրի ապագայով ու խնդիրներով մտահոգ քաղաքացին՝ անկախ իր գործունեությունից ու քաղաքական կողմնորոշումից, երկրի համար կարևոր կապիտալ է.

«Ես, որպես կրթության և գիտության նախարար ակնկալում եմ հետևողականություն կրթության որակի բարելավման հարցում:

Այսօր դուք ավելի շատ հնարավորություն ունեք, քան երբևէ ունեցել եք` ներգրավվելու բուհերի կառավարման մարմիններում, ազդելու որոշումների վրա, պայքարելու բուհական կոռուպցիայի դեմ՝ այդպիսով նպաստելով կրթության որակի բարձրացմանը: Կա հայտնի բանաձև՝ եթե կոռուպցիոն ռիսկերը բուհական համակարգում բարձր են, ապա դա ուղղակիորեն ազդեցություն է ունենում նաև կրթության որակի վրա: Այս իմաստով իմ պահանջներն ու ակնկալիքները, սիրելի ուսանողներ, ձեզանից մեծ են, ես խնդրում և պահանջում եմ՝ եղեք ավելի նախանձախնդիր և պահանջատեր ուսումնական գործընթացին վերաբերող ցանկացած հարցում»,-իր խոսքում նշել է Արմեն Աշոտյանը:

Հանդիպման ընթացքում ուսանողական խորհուրդների ներկայացուցիչները նախարարին ուղղել են իրենց հուզող հարցերը, որոնք վերաբերել են կրթության որակի բերելավմանը միտված ՀՀ ԿԳՆ ծրագրերին, բուհերի դասախոսական անձնակազմի սերնդափոխությանը, սփյուռքահայ ուսանողների իրավունքներին և մի շարք այլ խնդիրների:

Նախարարը նշել է, որ բուհական համակարգում արդեն ներդրված են կրթության որակի ապահովման բոլոր եվրոպական չափանիշները, սակայն, կարևոր է նաև, որ ուսանողներն իրենք փորձեն լինել նախաձեռնող:

«Ինչու ավելի պահանջկոտ չեք կրթության որակին վերաբերող հարցերում, չէ որ Դուք ավելի լավ գիտեք, թե ովքեր են այն ուսանողները, ում համար գնահատական ստանալու ցանկալի տարբերակը կամ ճանապարհը գիտելիքը չէ»,- նշել է նախարարն ու հավելել, որ նախորդ քննաշրջանում շուրջ 1800 ուսանողներ կանգնած են եղել բուհից դուրս մնալու եզրին: Նախարարի խոսքով սա ուսանողների մոտ 3,5 տոկոսն է և բավական մտահոգիչ ցուցանիշ է, որը միաժամանակ վկայում է, որ կրթության որակի չափանիշները բուհերում խստացվել են: ԿԳ նախարարը նաև տեղեկացրել է, որ կառավարությունն ԱԺ է ներկայացրել ուսման վարձի զեղչերի մասին օրինագիծը, որտեղ հստակ չափանիշներ են սահմանվում ուսման վարձերի վերաբերյալ: Ա. Աշոտյանը հորդորել է օրենքի ընդունումից հետո լինել հետևողական, որպեսզի հնարավորինս շատ ուսանողներ օգտվեն օրենքի ընձեռած հնարավորությունից: Միաժամանակ ԿԳ նախարարի տեղեկացմամբ, հիմք ընդունելով կառավարության որոշումը, արդեն հաստատվել են սոցիալապես անապահով ուսանողների ցուցակները, ովքեր, ըստ իրենց սոցիալական անապահովության միավորի, ստացել են 50-100 տոկոս ուսման վարձի զեղչ:

«Նախարարության կողմից 1000 ուսանողի զեղչ էր նախատեսված, սակայն նախապես սահմանված առաջադիմության չափանիշներին համապատասխանում էր ընդամենը 200 ուսանող: Մենք երկու անգամ իջեցրեցինք միջին որակական գնահատականի՝ ՄՈԳ-ի շեմը՝ հաշվի առնելով, որ ծրագիրը մեկնարկում է առաջին տարին ու ամեն դեպքում խոսքն անապահով ընտանիքների ուսանողների մասին է: »,- նշել է նախարարը և հավելել, որ ձեռնարկված քայլերի արդյուքնում ավելի քան 700 անապահով ընտանիքների ուսանողներ ստացել են ուսման վարձի փոխհատուցում պետության կողմից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս