«Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրինագիծը չընդունվեց

ԱԺ-ում քվեարկության դրվեց «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքի նախագիծը: Մինչ այդ նախագծի համահեղինակ, ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտարարեց, թե այս օրինագծի նպատակը ծառայում է կանանց և տղամարդկանց իրավունքների հավասարեցմանը: Նրա խոսքով՝ իրենք կառավարությանն առաջարկել են հասարակության կողմից թյուրըմբռնում առաջացրած «գենդեր» արտահայտությունը հանել նախագծից և այն փոխարինել «սեռ» բառով կամ այլ հոմանիշներով:

«Բայց մեր այս առաջարկությանը և՛ կառավարությունը, և՛ հանձնաժողովը դեմ է քվեարկել: Արդյունքում բոլորս ենք պատասխան տալիս նրա համար, ինչի մասին խոսում է ողջ հանրությունը»,- նշեց նա:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ հայտարարեց, թե իրենք առաջարկել էին նախագծում տեղ գտած «գենդեր» բառը փոխարինել «կանանց և տղամարդկանց իրավահավասարություն» տերմինով, սակայն կառավարությունը դա էլ չի ընդունել: Նաիրա Զոհրաբյանը հայտնեց նաև, որ իրենք կքվեարկեն ձեռնպահ և կշարունակեն պնդել իրենց առաջարկած տարբերակը:

Պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն էլ հիշեցրեց, թե ԱԺ մարդու իրավունքների հարցերով մշտական հանձնաժողովը քննարկել է հարցը, և առաջարկ է հնչել դեմ քվեարկել օրենքի նախագծին, մինչև չգտնվի բառի կոմպրոմիսային տարբերակ:

Կարդացեք նաև

«Հեղինե Բիշարյանը հանձաժողովի անդամներին էլ հորդորեց դեմ քվեարկել, որ գտնենք կոմպրոմիսային տարբերակ: Քանի որ կա մշակվող տաբերակ՝ կբերենք քննարկման, երբ այն պատրաստ լինի, իսկ այս նախագծում կան անգրագետ ձևակերպումներ և անհնար է դա քննարկման ենթարկել»,- շեշտետ Արզումանյանը:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ևս հորդորեց հասարակության կողմից հետաքրքրություն ունեցող այս հարցի շուրջ լավագույն լուծումը գտնել. «Ինչո՞ւ է պետք սպասել: Եկեք հիմա լուծում գտնենք: Մենք կողմ ենք, որ հարցը մտնի օրակարգ, ու ովքեր ինչ առաջարկություններ ունեն՝ փոփոխություն կանենք, հարցը կլուծվի»:

Օրինագծի մյուս համահեղինակ Հովհաննես Մարգարյանն էլ հիշեցրեց ԱԺ-ին, որ ինքը ևս համահեղինակ է, ապա հայտարարեց. «Ինձ համար զարմանալի էր, որ կառավարությունը փոփոխության նախագիծը հետ կանչեց, որտեղ ներկայացված էր գենդեր բառը փոխարինել մեկ այլ բառով, հանել 12-րդ կետը, ըստ որի՝ քաղաքացին իրավունք ունի ընտրել իր սեռը: Մենք համարում ենք, որ կան հարյուր հազարավոր նամուսով ու թասիբով ավանդական հայեր ու դրա համար…»:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանն էլ առաջարկեց օրենքի նախագիծը հանել քվերակությունից՝ նշելով, թե խորհրդարան տրամադրված օրենքում փոփոխություններ կատարել:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանն էլ իր զարմանքը հայտնեց. «Ես զարմանում եմ, որ համաշխարհային ճանաչում ունեցող հայկական ընտանիքները հայ կնոջ ու տղամարդկանց իրավունքները դարձրել են քննարկման առարկա: Ես կողմ եմ, որ այդ օրենքը ընդհանրապես հանվի, որովհետև մեր երկրում ի վերուստ բանականանոն ճանապարհով զարգացել է, երբեք կանանց իրավունքները հայ հասարակության հետ չեն մասնատվել»:

Այսպիսով, 20 կողմ, 42 դեմ, 23 ձեռնպահ ձայների համարեբարցությամբ օրենքի նախագիծը չընդունվեց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս