Օդրի Հեփբերն. եղնիկի աչքերով հրեշտակը
Օդրի Հեփբերնի հմայքն արտացոլվում էր դեմքին, ժպիտի և շարժումների վեհության մեջ: Նա 50-ականների՝ լավ ընտանիքից սերող աղջիկ դեռահասի խորհրդանիշն էր. եղնիկի աչքեր, փայլող անմեղություն, նրբագեղ կանացիություն և անսխալական ճաշակ: Հանրահայտ ֆրանսիացի գրող Կոլլետը կարողացավ Օդրիի մեջ տեսնել յուրօրինակ շնորհ, որը հետագայում հիացնում և ուրախացնում էր բազմաթիվ հեռուստադիտողների:
«Սաբրինա» և «Քաղցր մռութիկ» ֆիլմերից հետո նրա հագնվելու ոճը կրկնօրինակվում էր շատ-շատերի կողմից:
Օդրի Հեփբերնը կարողանում էր նույնիսկ ամենապարզ զգեստը մատուցել՝ որպես բարձր նորաձևության ստեղծագործություն: Գոյություն ուներ նույնիսկ Օդրիի ոճ՝ կարճ մազափունջ, զանգակ-կիսաշրջազգեստ, «բալետկա» կոշիկներ: Ինչ վերաբերում է Օդրիի ոճին, ապա նա նախընտրում էր ձևվածքով՝ պարզ, սակայն բարձրորակ գործվածքով հագուստեղեն: Հիշեցնենք նաև Յուբեր Ջիվենշիի կողմից հատուկ Օդրի Հեփբերնի համար կարված սև փոքրիկ զգեստը, որը կարելի է տեսնել նրա ճանաչված լուսանկարներում՝ երեկոյան մազերի սանրվածքով և ծխամորճով:
Օդրիի ոճը երբեք դուրս չի գա նորաձևությունից, քանի որ այդ ոճն էլեգանտության և կանացիության արտացոլումն է:
Օդրի Հեփբերնը շատ էր սիրում պարել և երազում էր դառնալ բալետի պարուհի: Դեռ երեխա ժամանակ մեծ եռանդ և ժամանակ էր ներդնում բալետի պարապմունքներին, սակայն այն ժամանակվա չափանիշներով՝ իր բարձր հասակի պատճառով չէր կարող բալետի պարուհի դառնալ: Օդրի Հեփբերնի կազմվածքը ցանկացած մոդելավորողի երազանքն էր:
1954թ. Օդրին ծանոթանում է դիզայներ Յուբեր դե Ջիվենշիի հետ և դառնում նրա ընկերուհին: Երբ նա սկսեց հագցնել Օդրի Հեփբերնին՝ ինչպես նկարահանումների համար, այնպես էլ՝ առօրյա կյանքում, նրա փառքը հասավ գագաթնակետին:
Օդրիի շնորհիվ՝ Givenchy նորաձևության տունը մեծ ճանաչում է ստանում, քանի որ այստեղ գալիս էին այն կանայք, ովքեր ցանկանում էին նմանվել Օդրի Հեփբերնին: Հագուստի ցանկացած հատված ընդգծում էր Օդրիի կառուցվածքի կատարելությունը: Հագուստների կտրվածքները և անցումներն այնպես էին կատարվում, որպեսզի ընդգծեին Օդրիի երկար պարանոցը և «լայնացնեին» նրա ուսերը: Օդրին և Ջիվանշին համատեղ ստեղծում են ոճ, որը կրում է Օդրիի անունը:
Այստեղից էլ սկսվում է նրանց ընկերությունը մինչև մահ: «Սաբրինա» ֆիլմի համար նրանց համատեղ ստեղծած փոքրիկ սև շորը բազմիցս «վերածնվել» է:
Ավելի քան 40 տարի Givenchy նորաձևության տունը ստեղծում է կանացի հագուստ հենց նրա համար: 1957թ. նորաձևության տունը թողարկում է «Օդրի Հեփբերն» օծանելիքը: Դերասանուհին դառնում է այս նորաձևության տան դեմքը, որի հագուստներով Օդրին ոչ միայն ֆիլմերում էր հանդես գալիս, այլև իր առօրյայում:
Օդրիին միշտ դուր էին գալիս «բալետկա»՝ հարթ կոշիկները: Դիզայներ Ֆերրագամոն ստեղծում է «բալետկաներ» հատուկ նրա և այն կանանց համար, ովքեր գերադասում են նրբագեղությունը և հարմարավետությունը:
Երբ Օդրին 1961թ. նկարահանվում է «Տիֆանիի տան նախաճաշը» ֆիլմում, Tiffany & Co ոսկերչական ընկերությունը համաշխարհային ճանաչում է ձեռք բերում: Իսկ FENDI իտալական նորաձևության տունը մեծ պատիվ էր համարում հենց նրա համար ստեղծել անվանական մուշտակներ:
Օդրի Հեփբերնի անկրկնելի ոճը չի դադարում ազդել նորաձևության վրա ներկայիս ժամանակներում: Օդրին ցանկացած հագուստի մեջ հիանալի տեսք ուներ, նրանում միախառնված էին դասական պարզությունը և ժամանակին չենթարկվող էլեգանտությունը: Օդրի Հեփբերնի ոճը երբեք դուրս չի գա նորաձևությունից, ինչպես և՝ նրա իսկական կանացիությունը: Նրա թողած ժառանգությունը դարձավ հագուստների, աքսեսուարների և կոշիկների մեծ հավաքածուն:
Անգլիական աճուրդի տունը՝ Kerry Taylorը Sotheby-ի հետ միասին, աճուրդի է հանում դերասանուհու զգեստապահարանին պատկանող 40 պարագաներ: Աճուրդից ստացված գումարը՝ 440 հազար դոլար, օգտագործվում է բարեգործական նպատակներով Օդրի Հեփբերնի անունը կրող երեխաների հիմնադրամի համար: Հիշեցնենք, որ Օդրի Հեփբերնը երկար ժամանակ եղել է միջազգային կազմակերպության՝ UNICEF-ի դեսպանը:
Հանրաճանաչ դերասանուհին իր հագուստները տալիս էր ընկերուհուն՝ Թանե Սթար Բուսմանին, որի հետ ընկերությունը տևում է շուրջ 15 տարի: Աճուրդին հանված զգեստները այնպիսի ֆիլմերից էին, ինչպիսիք են՝ «Սերը կեսօրից հետո», «Երկուսը ճանապարհին», «Փարիզը տապին»:
Վեհ գեղցկությունը, բարությունը, բնական էլեգանտությունը, անկեղծությունը և հմայքն օրինակ են ծառայում յուրաքանչյուր կնոջ համար: Օդրի Հեփբերնի գեղեցկության 10 գաղտնիքներից մեկն է՝ «կնոջ գեղեցկությունն այն հոգատարությունն է, որ նա տալիս է սիրով»:
«Նրանք, ովքեր առանց կոսմետիկայի՝ վստահ, առողջ, երջանիկ և փայլուն տեսք ունեն, ահա դա է ինձ համար բնության գեղեցկության գրավականը»,- ասում էր «Hits» ամսագրի խմբագիր Էլեոնոր Քրոմփթոնը:
Նույնիսկ նրանք, ովքեր չեն տեսել Օդրի Հեփբերնի ֆիլմերից և ոչ մեկը, նրան հիշելիս պատկերացնում են շողացող աչքերով էլեգանտ և նրբագեղ կնոջ: Մարդկանց նկատմամբ նրա բարությունը, բնական էլեգանտությունը, յուրօրինակ ճաշակը դեռ այսօր էլ հիշվում է շատ-շատերի կողմից: Օդրին այն դերասանուհին է, ով իր ժպիտով կարողանում էր տաքացնել միլիոնավոր հանդիսականների սրտերը:
Վերջին հրաժեշտը…
Եկեղեցու պատերը հեղեղված էին ծաղիկներով: Իսկ պատարագի ավարտին եկեղեցին լցվել էր մոմերի և ծաղիկների միախառնված բույրով, և ծաղիկների կոկոնները տաքությունից բացվել էին:
Դագաղին հետևում էր ամբոխը, որը հարգանքից ելնելով՝ մնաց գերեզմանատանը՝ մինչև դագաղը հողին հանձնվեր: Օդրիի բարեկամները և պաշտոնապես հրավիրված մարդիկ գերեզմանին էին նետում վարդեր, շուշաններ, աղոթք շշնջում: Երբ արարողությունն ավարտվեց՝ հրավիրյալները գնացին մասնակցելու հոգեհանգստի ճաշկերույթին: Մարդկանց ամբոխը մոտեցավ Օդրիի գերեզմանին, և նրա գերեզմանին դրեցին միգուցե և ոչ այնքան շքեղ ծաղիկներ, սակայն դրանով արտահայտեցին իրենց խոր սերը դերասանուհու նկատմամբ: Ծաղկեփնջերն այնքան շատ էին, որ կարծես Օդրին ոչ թե հողում թաղված լիներ, այլ ծաղիկների զամբյուղի մեջ:
Աշխատելով ՅՈՒՆԻՍԵՖ-ում՝ Օդրին եղել էր ավելի քան հարյուր երկրներում: Նա գումար էր հավաքում ՅՈՒՆԻՍԵՖ-ի համար, ուղեկցում հումանիտար բեռներն այնպիսի երկրներում, որտեղ պատերազմական գործողություններ էին տեղի ունենում: Ո՞վ գիտե, միգուցե օկուպացված Հոլանդիայի համար ունեցած ապրումները նրան հանգիստ չէին տալիս՝ ստիպելով գործել և օգնել դժբախտներին: Նա ասում էր. «Վերջին տարիներին տանը նստել եմ երեխաների համար, իսկ հիմա հանուն նրանց ես ճանապարհորդում եմ աշխարհով մեկ»: Այդ ժամանակ նրան օգնում էր անգլերենի, ֆրանսերենի, գերմաներենի, իտալերենի և հոլանդերենի իմացությունը: Օդրին նաև փոքր-ինչ տիրապետում էր իսպաներենին: Ամենուրեք նրան ուղեկցում էր Ռոբերտ Ուոլդերսը, որի հետ ընկերությունը ձգվեց մինչև մահ:
«Ոչ մի պատճառ չկա, որ խանգարի մեր ամուսնությանը,- ասում էր Օդրին,- սակայն մենք երջանիկ ենք նաև առանց դրա»:
Վերջին ֆիլմում՝ «Միշտ», որտեղ նա նկարահանվել էր միստիկական էլեմենտներով, սիրային դրամա էր: Օդրին պետք է խաղար հրեշտակի դերը, որը հանդիպում է վթարի ենթարկված օդաչուի հոգուն: Հրեշտակի դերի համար դերասանուհու ընտրության հարցում ռեժիսորը կասկած էլ չէր ունեցել, որ դա հենց Օդրի Հեփբերնը պետք է լիներ:
Օդրիի թաղման պսակներից մեկի ժապավենի վրա գրված էր. «Այժմ Աստծո մոտ հայտնվեց ևս մեկ հրեշտակ»:
Պատրաստեց ՇՈՂԵՐ ԳԱԼՍՏՅԱՆԸ