
Օբաման հեռախոսազրույց է ունեցել Նեթանյահուի հետ՝ կապված Իրանի միջուկային ծրագրի հետ

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման գիշերը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ և նրան իրազեկել է Ժնևում Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցությունների ընթացքի մասին: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչը:
Հեռախոսազրույցի ժամանակ Օբաման Նեթանյահուին վստահեցրել է, որ հաստատակամ է Իրանի կողմից միջուկային զենք ձեռք բերելը թույլ չտալու հարցում, ինչը և հանդիսանում է տվյալ բանակցությունների նպատակը: ԱՄՆ-ի ու Իսրայելի առաջնորդները պայմանավորվել են կապի մեջ գտնվել միմյանց հետ և փոխանակվել բանակցությունների մասին վերջին տեղեկություններով:
Հիշեցնենք, որ Նեթանյահուն երեկ հայտարարել էր, որ Իսրայելի համար անընդունելի է այնպիսի փոխզիջումը, որը պահպանում է ուրանի հարստացումը շարունակելու Իրանի իրավունքը՝ միջազգային պատժամիջոցների հետ մեղմման հետ մեկտեղ՝ ընդգծելով, որ Իսրայելը պահանջում է, որ Իրանն ամբողջովին դադարեցնի միջուկային վառելիքի արտադրությունն և ապամոնտաժի համապատասխան հզորությունները: