Իշխան Զաքարյանը փակ դռների ետևում հանդիպել է ԲՀԿ խմբակցության հետ

Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը, ում թեկնածությունը օրերս վերաառաջադրել էր  ՀՀ նախագահը, այսօր հանդիպում է ԱԺ խմբակցությունների հետ: Իշխան Զաքարյանն արդեն փակ դռների ետևում հանդիպել է ԲՀԿ խմբակցության հետ: Հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ասաց, թե իրենց հետաքրքիր էր՝ ի՞նչ նոր մոտեցումներ կներկայացնի ՎՊ թեկնածուն, ընտրվելու դեպքում՝ ի՞նչ նոր գործիքներ կկիրառի բյուջեի վերահսկողության հետ կապված: «Մեր պատգամավորները շատ ակտիվ հարցադրումներ հնչեցրեցին: Բնականաբար, թիվ մեկ գործը բյուջեի վերահսկողությունն է, և օրինախախտումները հայտնաբերելը, բայց մենք անցած տարիների փորձով գիտենք, որ միշտ պատժվում են մանր ձկները, կատարողները, իսկ հիմնական պատասխանատուները միշտ այսպես չոր են դուրս գալիս ջրից: Ես հասկանում եմ, որ դա վերահսկիչ պալատի գործառույթը չէ, և քանի դեռ իշխանության ահա այսպիսի համակարգ, բուրգ գոյություն ունի, և բոլոր կառույցները, անկախ նրանից, որքանով են սահմանադրությամբ դե յուրե անկախ, այդուհանդերձ կառավարելի են, ես հասկանում եմ, որ մենք երբեք չենք ունենալու այն անկախ կառույցները, քանի դեռ, կրկնում եմ, համակարգային այս կարևորագույն խնդիրները լուծված չեն: Այո, մեզ համար շատ կարևոր է այն աշխատանքը, որ կատարվում է, բյուջեի վերահսկողություն, բայց մեզ համար նաև գերակա է, որ բացահայտելուց, ԱԺ ամբիոնում հնչեցնելուց թե որ ոլորտում ինչքան գանձագողություն է եղել, պատասխանատվություն կրեն իրական գանձագողները, ոչ թե մի քանի աստիճան ցածր կատարողներ, սա է խնդիրը: Բազմաթիվ հարցեր հնչեցին, ինչ վերաբերում է քվեարկությանը, ապա մինչև քվեարկություն խմբակցությունն անպայմանորեն ևս մեկ նիստ կհրավիրի»,- հայտնեց Նաիրա Զոհրաբյանը:

Տեսանյութեր

Լրահոս