Բաժիններ՝

Դատախազությունը ճնշումներ է գործադրում վերաքննիչ դատարանի վրա

«Դատախազությունը ճնշումներ է գործադրում վերաքննիչ դատարանի վրա, իսկ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը դատախազության կամակատարն է:

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանն առանց ապացույցների բավարար համակցության` ընդամենը մեկ անձի` Ռոմեն Բարսեղյանի նախաքննական ցուցմունքի հիման վրա, ով էլ հետագայում հրաժարվել է այդ ցուցմունքից, Գուրգեն Գասպարյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով առաջադրված անհիմն մեղադրանքում և դատապարտել 10 տարի ժամկետով ազատազրկման:

Այն, որ Ռոմեն Բարսեղյանի նախաքննական ցուցմունքներն իրականությանը չեն համապատասխանում և ձեռք են բերվել <մեղմ ասած> անօրինական գործողությունների արդյունքում, հաստատվեց նաև հենց այն հանգամանքով, որ նրա` դատախազության համար <գերապացույց> հանդիսացող ցուցմունքը, ներառելով Գուրգեն Գասպարյանի վերաբերյալ մեղադրական եզրակացությունում, այնուամենայնիվ նրան դատարան կանչվող անձանց ցանկում չէին ներառել: Իսկ երբ դատաքննության հենց սկզբնական փուլում դատարանին միջնորդեցինք, որ Ռոմեն Բարսեղյանին նույնպես դատարան կանչեն հարցաքննության, գործով դատախազը կտրականապես դեմ հանդես եկավ, սակայն չկարողացավ իր դիրքորոշման որևէ խելամիտ հիմնավորում ներկայացնել: Սակայն չնայած դրան, դատարանը նույնպես առանց որևէ հիմնավորման մերժեց պաշտպանության կողմի այդ միջնորդությունը:

Իսկ երբ ավարտելով դատարան կանչված այլ անձանց հարցաքննությունները, սկսեցինք հետազոտել քրեական գործում առկա փաստաթղթերը, նախագահող դատավոր Վ.Խալաթյանը սկսեց թերթել քրեական գործը և հրապարակել բոլոր փաստաթղթերը, բացի ցուցմունքներից, որոնց հրապարակման համար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով այլ կարգ է սահմանված, սակայն անհասկանալիորեն, երբ հերթը հասավ Ռոմեն Բարսեղյանի ցուցմունքին, դատավորը, օրենքի կոպիտ խախտմամբ, փորձեց հրապարակել այն: Գուրգեն Գասպարյանի պաշտպաններս առարկեցինք նախագահող դատավորի անօրինական գործողությունների դեմ, սակայն դատախազը և դատավորը մեկ մարդ դարձած, ամեն գնով փորձում էին հրապարակել այդ ցուցմունքը: Բանը հասավ նրան, որ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցինք դատարանին` նշելով, որ դատարանն անկախ չէ և ակնհայտ կողմնակալություն է դրսևորում հօգուտ դատախազի:

Ինքաբացարկի միջնորդությունը դատավորի կողմից մերժվեց, բնականաբար կրկին առանց որևէ հիմնավորման: Սակայն ի վերջո հասկանալով, որ պաշտպանները թույլ չեն տալու հարապարակել այդ ցուցմունքը, դատարանը, դեմ գնալով Ռոմեն Բարսեղյանին դատարան կանչելու պաշտպանների միջնորդությունը մերժելու մասին իր իսկ կայացրած որոշմանը, ստիպված նրան հարցաքննության համար կանչեց դատարան: Ռոմեն Բարսեղյանը դատարանում հայտնեց, որ իր նախաքննական ցուցմունքներն իրականությանը չեն համապատասխանում: Այդ ցուցմունքները գրվել են սպառնալիքի, ճնշումների և բռնության ազդեցության տակ, ինչի արդյունքում էլ Գուրգեն Գասպարյանի վերաբերյալ մեղադրող ցուցմունք է տվել, թե իբր մասնակից է եղել 2009թ. նոյեմբերի 3-ին կատարված ավազակային հարձակմանը:

Իսկ նախաքննական ցուցմունքի հրապարակումից հետո Ռոմեն Բարսեղյանը հայտնեց, որ դրանում նշված հստակությամբ և ճշտությամբ ինքը չէր կարող հիշել 7 ամիս առաջ տեղի ունեցած իրադարձությունները և դրանց ժամերը և հայտնել քննիչին, դրանք լավագույն դեպքում կարող էր հիշել 1-2 ժամ տարբերությամբ:

Մեր կողմից վերլուծվել և դատարանին էին ներկայացվել Ռոմեն Բարսեղյանի նախաքննական ցուցմունքի վերլուծությունը, որում նա 7 ամիս առաջ տեղի ունեցած իրադարձությունների, մասնավորապես Գուրգեն Գասպարյանի հետ ունեցած բազմաթիվ հեռախոսազանգերի ժամանակները նշում է գրեթե րոպեի ճշտությամբ. օրինակ, մոտ 7 ամիս հետո Ռոմեն Բարսեղյանը հստակ հիշել է, որ 2009 թվականի նոյեմբերի 2-ին` ժամը հենց 18:10-ի սահմաններում, այլ ոչ թե ասենք` 18:00-ի սահմաններում է Գուրգեն Գասպարյանը զանգահարել իրեն, իրականում նշված հեռախոսազանգն արձանագրված է 2009 թվականի նոյեմբերի 2-ին` ժամը 18:09-ին: Ռոմեն Բարսեղյանը նաև հստակ հիշել է, որ նույն օրը` ժամը հենց 23:25-ի սահմաններում,այլ ոչ թե ասենք` ժամը 23:00-ի կամ գոնե 23:20-ի սահմաններում, կրկին զանգահարել է Գուրգեն Գասպարյանին և հարցրել, թե ինչու է ուշանում:

Դրանից մոտ 10 րոպե անց կրկին զանգահարել է Գուրգեն Գասպարյանին և հարցրել, թե ուր է հասել: Պարզվում է, որ այս զանգերն էլ մոտ 7 ամիս անց Ռոմեն Բարսեղյանը րոպեի ճշտությամբ հիշել է, քանի որ նախորդ հեռախոսազանգից հետո Ռոմեն Բարսեղյա հեռախոսահամարից դեպի Գուրգեն Գասպարյանի հեռախոսահամարը իրոք ելքային հեռախոսազանգեր են եղել 2009 թվականի նոյեմբերի 2-ին` ժամը 23:25-ին և դրանից ուղիղ 10 րոպե անց` ժամը 23:35-ին:

Ռոմեն Բարսեղյանը հստակ հիշել է նաև, որ հաջորդ օրը` 2009թ. նոյեմբերի 3-ին ժամը հենց 10:30-ի սահմաններում, այլ ոչ թե ասենք` ժամը 10:00-ի կամ 11:00-ի սահմաններում է Գուրգեն Գասպարյանը զանգահարել իրեն և խոսել առօրյա թեմաներից, իրականում այդ հեռախոսազանգն արձանագրված է հենց 2009 թվականի նոյեմբերի 3-ին` ժամը 10:31-ին :

Հետևությունները թողնում եմ ընթերցողին, թե ինչ հանգամանքներում 7 ամիս անց անձը կարող է րոպեի ճշտությամբ հիշել, թե ում և ինչի համար է զանգել, այն դեպքում, երբ, իր նշելով, զանգերից մեկի ժամանակ էլ խոսել են առօրյա թեմաներից:
Ռոմեն Բարսեղյանի ցուցմունքներում առկա էին նաև բազմաթիվ այլ էական հակասություններ, որոնց մի մասը վերացնելու նպատակով մինչև քրեական գործը դատարան հասնելը, դրանցից բազմաթիվ փաստաթղթեր էին անհետացել, որոնք այդպես էլ չհայտնաբերվեցին, իսկ դատավորն էլ մեր բազմաթիվ պնդումներից հետո էլ անգամ դա որևէ ուշադրության չարժանացրեց:

Այն, որ Ռոմեն Բարսեղյանի նախաքննական ցուցմունքը ձեռք է բերվել անօրինական ճանապարհով քաջ գիտակցել են ինչպես մարզի ոստիկանությունում, այնպես էլ դատախազությունում և դատարանում, ինչը հաստատվում է նաև հետևյալ հանգամանքներով:

Այսպես, 23.09.2010թ. Ռոմեն Բարսեղյանը «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկից դիմում է հղել Արագածոտնի մարզի դատախազին և քննչական բաժնի պետին` հայտնելով, որ ցանկանում է լրացուցիչ ցուցմունք տալ, սակայն դիմումը մնացել է անպատասխան և Ռոմեն Բարսեղյանը դրա շուրջ չի հարցաքննվել: Այնպիսի տպավորություն է, որ մարզի դատախազությունը և քննչական բաժինը հստակ գիտեին, թե ինչ լրացուցիչ ցուցմունք է ցանկանում տալ Ռամոն Բարսեղյանը, ուստի դրա համար էլ նրան չեն հարցաքննել, այլապես դժվար է հասկանալ, թե ինչու օրենքով սահմանված կարգով և ժամկետներում Ռոմեն Բարսեղյանի միջնորդությունը չի քննարկվել և նա չի հարցաքննվել:

Եթե Ռոմեն Բարսեղյանն իրոք ինքնակամ խոստովանական ցուցմունք էր տվել և աջակցել հանցագործության բացահայտմանը, այլ` ոչ թե ճնշումների կամ խոշտանգումների արդյունքում էր տվել այդ ցուցմունքը, կամ նրա ցուցմունքը չէր ուղղորդվել այլ անձանց կողմից, ապա մի՞թե վարույթն իրականացնող մարմինը չէր ցանկանում գործի հանգամանքների բացահայտման համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ հայտնած անձին լրացուցիչ հարցաքննել:

Հաջորդ դիմումը «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկից Ռոմեն Բարսեղյանը Վաղարշապատի քննչական բաժանմունքի ավագ քննիչին գրել է մոտ մեկ ամիս անց` 21.10.2010թ.` հայտնելով, որ սույն քրեական գործի մասին ունի որոշակի պարզաբանումներ և երևան եկած նոր հանգամանքների մասին ցանկանում է լրացուցիչ ցուցունք տալ:

Սակայն այս անգամ էլ օրենքով սահմանված ժամկետում և կարգով Ռոմեն Բարսեղյանի միջնորդությունը քննության չի առնվել և նա լրացուցիչ հարցաքննվել է միայն 14 օր անց` 03.11.2010թ., սակայն համառորեն դիմումներ գրող և լրացուցիչ ցուցմունք տալ ցանկացող անձը հանկարծ հայտնում է, որ փոշմանել է և այլևս չի ցանկանում ցուցմունք տալ և որևէ պարզաբանում կատարել:

Նշվածն այնքան բնականորեն է ընդունվել վարույթն իրականացող մարմնի և մարզի դատախազության կողմից, որ կարծես թե վարույթն իրականացնող մարմնի ցանկությունն էլ հենց դա էր, որ Ռոմեն Բարսեղյանը հրաժարվի լրացուցիչ ցուցմունք տալու իր մտադրությունից: Իսկ թե ինչ բովանդակության ցուցմունք էր ցանկանում տալ Ռոմեն Բարսեղյանը, բացահայտվում է արդեն մեր կողմից դատաքննության ընթացքում ՀՀ ԱՆ «Հրազդան» ՔԿ հիմնարկ կատարված հարցմանն ի պատասխան ստացված` Ռոմեն Բարսեղյանի դիմումի բովանդակությունից: Այսպես. արդեն 20.08.2012թ.` դեռևս Գուրգեն Գասպարյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում, Ռոմեն Բարսեղյանը ՀՀ ԱՆ «Հրազդան» ՔԿ հիմնարկից դիմում է հղել ոստիկանության Վաղարշապատի քննչական բաժանմունքի քննիչին` հայտնելով, որ 2009թ. նոյեմբերի 3-ին կատարված ավազակային հարձակման մեջ չգիտակցելով անհիմն մեղադրել է Գուրգեն Գասպարյանին:

Խնդրել է այդ փաստը հաշվի առնել, քանի որ այն ժամանակ չի հասկացել, թե ինչու է Գուրգեն Գասպարյանին անհիմն մեղադրել: Այժմ հայտնում է իրականությունը, որ Գուրգեն Գասպարյանը ոչ մի առնչություն չունի վերոնշյալ ավազակային հարձակման հետ, սակայն այս անգամ էլ Ռոմեն Բարսեղյանը ոչ միայն կրկին չի հարցաքննվել իր դիմումի վերաբերյալ, այլ այդ դիմումն էլ քրեական գործին չի կցվել, կարծես թե այդպիսի դիմում չի էլ եղել:

Դատարանում հարցաքննված մյուս վկաներն իրենց ցուցմունքներով հաստատեցին, որ Գուրգեն Գասպարյանը դեպի ժամանակ այլ վայրում է եղել, հետևաբար չէր կարող ներկա և մասնակից լինել այդ հանցագործության կատարմանը: Նրանց ցուցմունքները հաստատվեցին նաև գործում առկա այլ ապացույցների համակցությամբ, այդ թվում բազմաթիվ հեռախոսահամրների ելքային և մուտքային հեռախոսազանգերի վերծանումներով, սակայն մեղադրական դատավճռում դատարանն առանց որևէ պատճառաբանության նշեց, որ այդ ցուցմունքներն անարժանահավատ են:

Դատավորի այս վարքագիծը անակնկալ չէր պաշտպաններիս համար, քանի որ դեռևս դատաքննության սկզբնական փուլում, երբ վկաներից մեկը ցուցմունք տվեց, որ դեպքի ժամանակ` գիշերային ժամին Գուրգեն Գասպարյանը հարևանի տանն է եղել, դատավորը ասաց. ՙԲոլոր դեպքերում նորմալ մարդը, թեկուզև հարևանը, ժամը 12-ին մեկը մյուսի տուն չի գնա, թեկուզև հրավիրեն ու ստիպեն, որովհետև, որովհետև դա էն ժամնա, երբ մարդիկ տներում հանգստանում են՚: Դատավորի այս վարքագիշը նույնպես դրվել էր ինքնաբացարկի միջնորդության հիմքում:

Դատաքննության ընթացքում բազմաթիվ այլ էական և կոպիտ խախտումներ են թույլ տրվել, սակայն դրանց կանդրադառնամ հետո:

Այժմ անդրադառնամ դատախազության վարքագծին: Դեռևս դատավճիռն օրինական ուժի մեջ չմտած, դատախազությունը հեռուստահաղորդում է պատրաստում այս դեպքի վերաբերյալ, տեսանյութը ցուցադրվում է հեռուստաընկերություններից մեկով և տեղադրվում է ՀՀ գլխավոր դատախազության պաշտանական կայք-էջում` փորձելով հասարակության մեջ բարձրացնել դատախազության հեղինակությունը, թե իբր տեսեք ինչ հանցագործություն ենք բացահայտել: Նշված տեսանյութում մեղադրող դատախազը Գուրգեն Գասպարյանի անմեղության կանխավարկածը խախտող բազմաթիվ հայտարարությունն է անում:

Բավական չէ, որ նա որպես հաստատված փաստ է ներկայացնում այն, որ Գուրգեն Գասպարյանը կատարել է այդ հանցագործությունը, դեռ մի բան էլ ավելին` ներկայացնում է, թե իբր կատարված ավազակային հարձակման կազմակերպիչը հենց Գուրգեն Գասպարյանն է եղել, չնայած որ նույնիսկ դատավճռում նման հանգամանք չկա: Բացի այդ, այդ տեսանյութի վաղաժամ պատրաստումը և հրապարակումը ոչ միայն դատախազության վարկանիշը բարձրացնելն էր, այլ` քանի որ մեր կողմից դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերվել, դրանով դատախազությունը նաև ճնշում է գործադրում ՀՀ վերաքննիչ դատարանի վրա, անուղղակիորեն ասելով` տե’ս հա, հանկարծ արդար որոշում չկայացնես, մեր հեղինակությունը չգցես, արդեն ասել ենք, որ գործը բացահայտված է և կազմակերպիչն էլ Գուրգեն Գասպարյանն է:

Այս համոզմանն եմ եկել դիտելով տեսանյութը, քանի որ դատախազը նույնպես լավ իմանալով, որ քրեական գործում Գուրգեն Գասպարյանի մեղքը հաստատող ապացույցներ չեն եղել, տեսանյութում նրա մեղքը հաստատող այնպիսի «անհերքելի» ապացույցներ է նշում, որոնք քրեական գործում չկան: Տրամաբանական հարց է ծագում. եթե գործում առկա ապացույցները բավարար էին Գուրգեն Գասպարյանի մեղքը հաստատելու համար, ապա ինչո՞ւ այդ ապացույցները չեք նշում, այլ նշում եք այնպիսի ապացույցներ, որոնք քրեական գործում չկան»:

Ամբաստանյալ Գուրգեն Գասպարյանի պաշտպան Երեմ Սարգսյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս