Բաժիններ՝

Ադրբեջանի նորանշանակ պաշտպանության նախարարի հայրը ծնվել և մեծացել է Հայաստանում. Yeni Musavat

Ադրբեջանական Yeni Musavat ընդդիմադիր թերթի փոխանցմամբ՝ Ադրբեջանի նորանշանակ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հայրը ծնվել և մեծացել է Հայաստանում: Նա մասնավորապես ծնվել է Երևանից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Էջմիածին քաղաքում:

Այս մասին են վկայել թերթի իրականացրած սեփական լրագրողական հետաքննության արդյունքները: Որպես նման հետաքննություն անցկացնելու պատճառ է նշվում այն, որ մամուլում սկսել են հակասական տեղեկություններ հրապարակել Զաքիր Հասանովի կենսագրության մասին:

Պաշտոնական փաստաթղթերի համաձայն, Զաքիր Հասանովը ծնվել է Աստարայում, սակայն ադրբեջանական ԶԼՄ-ների մի մասի պնդմամբ՝ նա ծնվել է Նախիջևանում, իսկ մյուս մասի պնդմամբ՝ Նախիջևանում: Սակայն պարզվել է, որ Զաքիր Հասանովն իսկապես ծնվել է Ադրբեջանի Աստարայի շրջանում:

Նրա հայր Ասկեր Հասանովը, որպես սպա, ծառայել է խորհրդային սահմանապահ զորքերում և նրան գործուղել են Աստարա: Ընդ որում, Ասկերի ընտանիքը երկար ժամանակ բնակվել է Երևանում՝ նախքան որդու ծնվելը:

Զաքիր Հասանովն Ադրբեջանի պաշտպանության նախարար է նշանակվել այս տարվա հոկտեմբերի 2-ին՝ տվյալ պաշտոնում փոխարինելով Սաֆար Աբիևին, ով իր հերթին այդ պաշտոնը զբաղեցնում էր 1995 թվականի սկզբներից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս