
Մոսկվայում սպասում են սիրիական ընդդիմության առաջնորդին

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոսկվան հուսով է, որ Սիրիայի Ազգային դաշինքի առաջնորդ Ահմեդ Ջարբան կժամանի Մոսկվա, նա ունի այդպիսի հրավեր: Այս մասին Նոր Զելանդիայի արտգոծնախարարի հետ հանդիպումից հետո հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Վերջինիս խոսքերով՝ սիրիական Ազգային դաշինքի կողմից «Ժնև 2» կոնֆերանսին մասնակցելու համար նախապայմաններ ներկայացնելը խստապես հակասում է Ժնևյան կոմյունիկեին:
Սիրիական ընդդիմության նախապայմանների թվում էին հայտնվել Իրանի չմասնակցելը «Ժնև 2»-ին, զբաղեցրած պաշտոնից Ասադի հեռանալու ստույգ ժամկետի մասին իմանալը, և Ասադի հակառակորդներին ավելի ակտիվ օգնություն ցուցաբերումը՝ ներառյալ ժամանակակից զենքի մատակարարումը:
Լավրովը հիշեցրել է, որ իրենք ամերիկյան կողմի հետ պայմանավորվել են, որ «Ժնև 2»-ը պետք է գումարվի առանց նախապայմանների, ինչը գործնականում աջակցություն է ստացել բոլորի կողմից:
Լավրովի կարծիքով՝ արտաքին բոլոր խաղացողները (Սիրիայի բոլոր հարևանները, Պարսից ծոցի գործնականում բոլոր երկրները, մյուս երկրները՝ ներառյալ Իրանն ու Թուրքիան) պետք է ամբողջովին ներկայացված լինեն կոնֆերանսում: