Մանվել Բադեյան. Կան գործազուրկներ, ովքեր ընդհանրապես չեն ուզում աշխատել, պորտաբույծ են
«Գործազուրկ մարդկանց ուղղված գումարի քանակը մնացել է նույնը, բաշխման ձևն է փոխվել»,- համոզված է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը: 168.am-ի հետ զրույցում ՀՀԿ-ական պատգամավորը` մեկնաբանելով գործազուրկներին 18.000-ական դրամ նպաստից զրկելու մասին կայացրած որոշումը՝ ասաց. «Գործազուրկ մարդիկ կան, ովքեր ուզում են աշխատել, բայց աշխատելու տեղ չունեն, որովհետև չունեն համապատասխան մասնագիտություն և այդ գումարները պետք է գնան մարդկանց վերապատրաստելու, աշխատատեղ ստեղծելու նպատակով: Գործազրկության խնդիրն այս տեսակի համար լուծվում է, բայց կան նաև գործազուրկներ, ովքեր ընդհանրապես չեն ուզում շխատել, պորտաբույծ են, չեն ուզում աշխատել, բոմժ են, օրինակ, ասենք: Նման մարդկանցով կարող են զբաղվել բարեգործները, բայց պետությունն իրավունք չունի աշխատող մարդու փողից ստեղծված բյուջեից վերցնի ու տա էն մարդուն, ով թքած ունի աշխատելու վրա»:
Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտարարությանը, թե տրված նպաստների 94 տոկոսը շահառուներին չեն հասել` փոշիացել է, ՀՀԿ-ական պատգամավորն ասաց. «Այո, մեխանիզմը անկատար է եղել: Մենք պետք է հասկանանք` ո՞նց է ձևավորվում գործազուրկների ցուցակը. մարդիկ գնում են, ինչ-որ կառույցներով ցուցակագրվում են, փաստաթղթեր են ներկայացնում, որ իրենք չեն աշխատում, հազար բան ա արվում: Լինում ա, որ իրականում մարդիկ աշխատում են, բայց ձևակերպված չեն, լավ էլ ապահով են, բայց գործազրկության նպաստ են ստանում»:
Ըստ Մ. Բադեյանի` «Գործազուրկներին նպաստից զրկելու մասին» օրինագծի ընդունմամբ համակարգը փոխվել է և այսուհետ մարդկանց նպաստ տալուց առաջ աշխատանքի առաջարկ կանեն. «Հիմա տենց չի, էդ մարդը, որ գալիս, ասում է՝ գործազուրկ եմ, հարցնում ենք՝ ինչի՞ ես գործազուրկ, ասում է, թե աշխատանք չկա: Մենք էլ առաջարկում ենք, որ՝ այ սենց, սենց աշխատատեղեր կան, մասնագիտություններ կան, ուզո՞ւմ ես, փող կտամ, գնա սովորի ու աշխատի»: