Բաժիններ՝

Աբխազիայում մեկնարկել է Ալեքսանդր Անկվաբի դեմ մահափորձի գործով դատավարությունը

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Աբխազիայում այսօր մեկնարկել է նախագահ Ալեքսանդր Անկվաբի դեմ կատարված մահափորձի գործով դատավարությունը, ինչն ընթանում է հանրապետության Գերագույն դատարանում:

Ավելի վաղ Աբխազիայի դատախազությունը հայտնել է, որ քրեական գործը բաղկացած է ավելի քան 10.000 էջից (43 հատոր): Էական ապացույցներ են ճանաչվել ավելի քան 50 առարկաներ: Գործի շրջանակներում Ռուսաստանի տարբեր հիմնարկներում անցկացվել են տասնյակ փորձաքննություններ:

Ալեքսանդր Անկվաբն Աբխազիայի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2011 թվականից: Նրա դեմ քանիցս իրականացվել են մահափորձեր, ընդ որում՝ և՛ մինչև նախագահ դառնալը, և՛ դրանից հետո: Օրինակ, 2007 թվականին Աբխազիայի կառավարության ղեկավար Անկվաբի ավտոմեքենայի վրա կրակել են նռնականետից, ինչի հետևանքով նա բեկորային վնասվածքներ է ստացել թիկունքի շրջանում:

2010 թվականին նռնականետով հարվածել են նրա տանը: Անկվաբի դեմ վերջին մահափորձն իրականացվել է 2012 թվականի սկզբին, երբ Անկվաբի՝ արդեն իսկ Աբխազիայի նախագահի ավտոմեքենան գնդակոծվեց ավտոմատ զենքից: Դրա հետևանքով զոհվեցին Անկվաբի երկու թիկնապահները, սակայն նա անձամբ չտուժեց:

Տվյալ գործով ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում նաև տեղի գործարար Անզոր Բուտբան: Աբխազական դատախազության աղբյուրը հայտնել են, որ նախագահի դեմ մահափորձի հետևում կանգնած են գործարարները, որոնք դժգոհ են նրանից, որ իշխանությունները պայքարում են ստվերային տնտեսության դեմ: Անկվաբն անձամբ կարծում է, որ մահափորձի հետևում կարող են կանգնած լինել «մաֆիոզ կառույցները»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս