Իրաքը գազամատակարարումների ծավալը մեծացնելու խնդրանքով դիմել է Իրանին
Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրաքը հուսով է ընդլայնել Իրանից գազի մատակարարման ծավալը: Այս մասին Թեհրանում իր իրանցի գործընկեր Բիժան Նամդար Զանգանեի հետ հանդիպումից հետո հայտարարել է Իրաքի նավթարդյունաբերության նախարար Աբդուլ Քարիմ Լիբին:
Նա ընդգծել է, որ Իրաքը գազամատակարարումների ծավալը մեծացնելու խնդրանքով դիմել է Իրանին: Իրաքցի նախարարը դա պայմանավորել է Բասրայի նահանգում գտնվող և գազով աշխատող էլեկտրակայանների աշխատանքով:
Լիբիի խոսքերով՝ Իրանը կարող է Իրաքին գազ մատակարարել երկու գազատարով, որոնցից մեկը ներկայումս վերակառուցվում է, իսկ երկրորդն արդեն իսկ շահագործման կհանձնվի հաջորդ շաբաթ: Դրա թողունակությունը կազմելու է օրական 25 միլիոն խորանարդ մետր: