Փոթիում այրել են Ռուսաստանի դրոշը
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի արևմուտքում գտնվող Փոթի նավահանգստային քաղաքում այրել են Ռուսաստանի դրոշը: Ակցիան գիշերն իրականացրել են «Ազատ գոտի» շարժման ներկայացուցիչները, որոնք ավելի վաղ քանիցս բողոքել են Սոչիում օլիմպիական խաղեր անցկացնելու դեմ:
Նրանք քաղաքի կենտրոնում բենզին են լցրել դրոշի վրա և այրել են այն: Ակցիան անցկացվել է ընդդեմ Ռուսաստանի կողմից երկրի տարածքի 20 տոկոսի օկուպացման: Грузия Online-ը հայտնել է, որ ակտիվիստները պատռել և այրել են Ռուսաստանի մի քանի դրոշ, որոնք քաղաքի կենտրոնում էին հայտնվել երաժշտական փառատոնի կապակցությամբ:
Փոթիի քաղաքապետ Դավիթ Սարսանիան ավելի ուշ հայտարարել է, որ քաղաքային իշխանություններն ընդհանրապես չեն թույլատրել Ռուսաստանի և այլ երկրների դրոշների պարզում: Նա կարգադրել է քաղաքի փողոցները մաքրել այլ երկրների դրոշներից: