
Այսօր ստեղծվել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորություն. Ջեյմս Ուորլիք

Ադրբեջանական Trend լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին.
«Այսօր ստեղծվել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորություն, որը չկար վերջերս: ԱՄՆ-ը հավատում է այդ հնարավորությանը: Այդ հնարավորությունը ստեղծվել է Ադրբեջանում անցկացված (նախագահական) ընտրություններից և ավելի վաղ Հայաստանում անցկացված (նախագահական) ընտրություններից հետո:
Ընտրությունները բարենպաստ պայմաններ են ստեղծել դրա համար: Կարծում եմ, որ երկու երկրների ժողովուրդներն արժանի են խաղաղության և բարգավաճման: Մենք պետք է գտնենք դրա եղանակը, ես կարծում եմ, որ կարելի է գտնել խաղաղության տանող ուղին: Օգտակար կլինի ամենաբարձր մակարդակով (նախագահների մակարդակով) շփումների հաստատումը:
Մենք հուսով ենք, որ նախագահները կարող են հանդիպել՝ արդյունավետ ու կառուցողական քննարկման համար, որը կօգնի շարժվել առաջ: Նախագահները պետք է քննարկեն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման «հիմնարար սկզբունքները»: Հակամարտող կողմերը շարունակում են վստահել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը: Եկել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ժամանակը»:
Հիշեցնենք, որ երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համաձայնվել է հանդիպել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: