Ռուսաստանը վերստին դարձել է վրացական գինու խոշորագույն ներկրող

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանը 2013 թվականի հունիս-սեպտեմբեր ամիսներին Ռուսաստան է արտահանել 8.917.700 շիշ բնական խաղողի գինի (0.75 լիտր տարողությամբ), ինչը կազմել է այս տարվա առաջին 9 ամիսներին վրացական գինու ողջ արտահանման 33.7 տոկոսը: Այս մասին հայտարարել է Վրաստանի գյուղատնտեսության նախարարության Գինու ազգային գործակալությունը:

Վերջինիս ներկայացուցիչն ընդգծել է, որ դրանով իսկ Ռուսաստանը վերստին դարձել է վրացական գինու խոշորագույն ներկրող: Նրա խոսքերով՝ այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Վրաստանն արտահանել է 26.458.700 շիշ գինի, ինչը 71 տոկոսով ավելին է՝ համեմատած 2012 թվականի հետ:

Վրացական գինու արտահանումն իրականացվում է 49 երկրի շուկաներ: Երկրորդ խոշորագույն ներկրողն Ուկրաինան է, ուր մատակարարվել է 8.523.100 շիշ գինի, ինչը 13 տոկոսով ավելին է՝ համեմատած նախորդ տարվա առաջին 9 ամիսների հետ: Վրացական գինին ներկրողների առաջին հնգյակում մտնում են նաև Ղազախստանը, Բելառուսը և Լեհաստանը, որոնց բաժին է ընկնում ողջ արտահանման 20.7 տոկոսը:

Խոշորագույն ներկրողների մեջ են նաև Լատվիան, Չինաստանը, Լիտվան, Էստոնիան, ԱՄՆ-ը և այլ երկրներ: Այս տարի վրացական գինին առաջին անգամ արտահանվել է Բրազիլիա, Թուրքմենստան, Եգիպտոս, Իտալիա, Սինգապուր, Հորդանան, Շվեդիա և Իսպանիա:

Տեսանյութեր

Լրահոս