«Հարսնաքարի» գործով տուժող Աղաջանյանը մեկնել է Հայաստանից
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված էր «Հարսնաքարի» գործով դատական նիստը: Դատավոր Դավիթ Հարությունյանը դատական նիստի ընթացքում ասաց, որ դատարանը ստացել էր գրություն ոստիկանության քրեական հետախուսության գլխավոր վարչությունից, որտեղ հայտնել էին, որ գործով տուժող Արկադի Աղաջանյանը 2013 թ. սեպտեմբերի 6-ին վաղ առավոտյան մեկնել է Հայաստանի Հանրապետությունից:
Տուժողների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանն էլ ասաց, որ էլեկտրոնային փոստով ստացել է տուժող Արկադի Աղաջանյանի գրությունն ուղղված դատարանին, որով վերջինս հայտնել էր, որ գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում և ուշ է վերադառնալու Հայաստան: Տուժող Ա. Աղաջանյանը խնդրել էր հիմք ընդունել նախկինում իր տված ցուցմունքները: Արձանագրելով, որ ըստ էության անհնար է տուժողին հարցաքննել, դատավորը որոշում կայացրեց սահմանափակվել տուժողերի նոր հարցաքննությամբ ձեռք բերված ապացույցներով:
Դատարանը, ավարտելով դատաքննությունը, անցավ դատական վիճաբանությունների փուլին: Մեղադրող Արմեն Մարուխյանը ժամանակ խնդրեց մեղադրական ճառին պատրաստվելու համար: Դատական հաջորդ նիստը տեղի կունենա նոյմեբերի 8-ին: