100 դրամ սակագնով նորմալ երթևեկություն իրականացնել հնարավոր չէ. Կամո Արեյան
Երևանի փոխքաղաքապետ Կամե Արեյանի համոզմամբ, հնարավոր չէ հասարակական տրանսպորտի համար հարյուր դրամ սակագին սահմանելու դեպքում իրականացնել նորմալ երթևեկություն: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում Կամո Արեյանը մանրամասնեց. «Ոչ, եթե իմ անձնական կարծիքն եք ուզում, ասեմ՝ տրանսպորտի ծառայությանը չի բավարարում հարյուր դրամը շահագործման ծախսերը ծածկելու համար»:
Լրագրողների դիտարկմանը, թե բազմաթիվ վերլուծություններ կան, ըստ որոնց տրանսպորտի սակագինը 100 դրամ պետք է կազմի, փոխքաղաքապետն այսպես արձագանքեց. «Դրա համար հաշվի ենք նստում բոլոր վերլուծությունների հետ, առանց խուսափելու, ընդունում ենք բոլոր առաջարկները, և հանձնաժողովը կիրականացնի մանրակրկիտ վերլուծություն ու կտա պատասխան»: Իսկ թե արդյոք սակագինը սահմանելիս հաշվի կառնվի՞ քաղաքացիների սոցիալական վիճակը, Կամո Արեյանն ասաց. «Հաշվի են առնվում բոլոր գործոնները՝ և սոցիալական, և անվտանգությունը, և որակական: Կրկնում եմ՝ այսօրվա 100 դրամը չի բավարարում շահագործման ծախսերը ծածկելու համար»:
Կամո Արեյանը, սակայն, դժվարացավ պատասխանել, թե թանկացման ամենաբարձր շեմը որը կլինի. «Որքան է՝ չեմ կարող ասել: Հանձնաժողով է աշխատում, ընդգրկված են լայն խավեր, տարբեր ներկայացուցիչներ, ընդունվում են բոլոր առաջարկներն առանց խտրականության, ամենայն բարեխղճությմաբ, համբերատար քննարկվում են բոլոր առաջարկները»:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ երթևեկո՞ւմ եք հասարակական տրանսպորտով: Ի պատասխան՝ փոխքաղաքապետն ասաց. «Այո, երթևեկել եմ, երթևեկում եմ, հիմա մեծ մասը ծառայողականով է, իհարկե, բայց ամբողջ օրը քաղաքում շրջում եմ: Իհարկե, որակը պետք է բարձրանա: Թողնել՝ չանելով, ավելի կխորանա վիճակը: Կամք պետք է դրսևորել, հետևողականություն և հաշվարկներով փոխել տրանսպորտի վիճակը: Այո, որակի հարցում, ծառայությունների մատուցման, ունենք խնդիր: Ինձ էլ դուր չի գալիս ծառայության որակը, ինձ էլ՝ որպես քաղաքացի, դուր չի գալիս, թե ինչպես են մարդիկ կքած երթևեկում»:
Հարցին, թե այդ ընթացքում ինչո՞ւ չէիք փորձում լուծում տալ հարցին, փոխքաղաքապետն ասաց. «Մի օր պետք է արվեր: Որակի բարձրացումը մենք դնելու ենք գծատերերի առջև, իհարկե, իհարկե, միանշանակ, ժողովուրդ ջան: Միակ ճանապարհը ձերբազատվելն է միկրոավտոբուսներից, քաղաքը համալրել մեծ և միջին տեղատարողության ավտոբուսներով, որը կապահովի լիարժեք երթևեկություն, կթեթևացնի ծանրաբեռնվածությունը, կբարելավի որակը… Մեկ օր պետք է սկսվեր՝ վերցնել կամք, վճռականություն, հետևողականություն, ռեֆորմները տանել մինչև վերջ՝ առանց ցավեցնելու»: