Բաժիններ՝

Վճարովի ավտոկայանատեղեր․ միջազգային փորձն ու երևանյան «լուծումները»

Ժամանակակից աշխարհում ուրբանիզացման մակարդակի աճին զուգընթաց շատանում են քաղաքաշինական խնդիրները, որոնց թվում են տրանսպորտային ենթակառուցվածքների գերբեռնվածությունն ու քաղաքների հատկապես կենտրոններում տրանսպորտային խցանումները՝ իրենց տնտեսական, սոցիալական և շրջակա միջավայրին հասցրած բացասական հետևանքներով, ներկայացնում է civilnet.amը:

Դեռ 50-ականներից Միացյալ Նահանգների, Եվրոպայի և Ասիայի շատ քաղաքներ սկսեցին մշակել քաղաքային տրանսպորտի առավել խիստ կառավարման համակարգեր՝ նպատակ ունենալով զսպել կամ կանխել խցանումներն ու քաղաքային որոշ թաղամասերի գերբեռնվածությունը ավտոմեքենաներով:

Նորություն չէ, որ Երևանի տրանսպորտը գերբեռնված է, հանրային տրանսպորտային ծառայությունները՝ մեծապես չկարգավորված ու անորակ, իսկ երթևեկության կանոնները միայն վերջերս են սկսել ավելի խստորեն վերահսկվել՝ հիմնականում ճանապարհների գծանշման, լուսացուցային կահավորման և մասամբ՝ ավտոճանապարհային ոստիկանության միջոցով: Այս՝ անզեն աչքով տեսանելի փաստը, սակայն, ոլորտը կարգավորող մարմինը՝ Երևանի քաղաքապետարանը, պետք է ավելի մանրակրկիտ ուսումնասիրությունների միջոցով վերլուծեր և վերհաներ խցանումների պատճառները, դրանց հետևանքները, առավել գերբեռնված տարածքներն ու փողոցները, որպեսզի կարողանար նվազեցնել կամ զսպեր դրանք տարբեր մեխանիզմների միջոցով: Չանելով այս կարևորագույն քայլը՝ քաղաքապետարանը շտապել է ներդնել մի մեխանիզմ, որը քաղաքային տրանսպորտը թեթևացնելուն միտված միջազգային պրակտիկայում ընդունված քայլերից վերջինն է, առավել բարդը և Երևանի պարագայում՝ սպասարկում է մասնավոր, ոչ թե հանրային շահ: Խոսքը այսպես կոչված՝ «գնային քաղաքականության» միջոցով ավտոկայանման կառավարման մասին է, ինչն առանց որևէ հայեցակարգային փաստաթղթի (համենայն դեպս՝ հանրությանը հասանելի չէ այդ փաստաթուղթը) հանձնվել է մասնավոր մի ընկերության:

Միջազգային փորձ

Միջազգային փորձի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ աշխարհում տրանսպորտային խցանումները կարելի է նվազեցնել հետևյալ մեխանիզմների միջոցով.

• Ճարտարապետական՝ փողոցների լայնություն, շենքերին կից համապատասխանորեն սահմանված կայանատեղիների պարտադիր կառուցում, մեծ ավտոկայանատեղիների կառուցում և այլն,

• վերահսկիչ՝ արգելված վայրերում կայանման բացառումը վերահսկման և տուգանման միջոցով,

• գնային՝ գերբեռնված փողոցներում ավտոկայանման աստիճանական վճարովի համակարգի ներդրում, երբ վճարելուց խուսափելու համար մարդիկ ընտրում են մեքենաների կարճատև կայանումը կամ հանրային տրանսպորտով տեղաշարժը՝ սեփական մեքենաների փոխարեն,

• որակյալ ծառայությունների պատվիրակման՝ ավտոկայանատեղիների կառուցում և մասնավոր շահագործում, փողոցային կայանատեղիների վճարովի համակարգի ներդրում և շահագործում:

Երևանյան «լուծումներ»

Երևանի քաղաքապետարանը փոխանակ սկսեր ճարտարապետական և վերահսկիչ մեխանիզմների ներդրումից ու խիստ կիրարկումից, միանգամից թռիչք է կատարել փողոցային կայանատեղիների վճարովի համակարգի: Նախ, Երևանի կենտրոնում ահռելի չափերի շենքերի կառուցումը պետք է ենթադրեր դրանց բնակիչների թվին համարժեք ստորգետնյա կամ ոչ փողոցային այլ կայանատեղիների կառուցում, մինչդեռ հարուստների համար կառուցվող այդ շենքերն ունեն շատ սահմանափակ ավտոտնակներ, իսկ հարուստների մեքենաները զբաղեցնում են երթևեկության համար նախատեսված փողոցները: Երկրորդ, լայն և նեղ փողոցներում վճարովի կանգառների գծանշումների տրամաբանությունը հասկանալի չէ, երբ նեղ փողոցներում անկախ վճարովի, թե անվճար լինելուց՝ մեքենաների առկայությունն արդեն խցանում է ստեղծում, օրինակ՝ Պուշկինի փողոցում: Հակատրամաբանական և հակաարդյունավետ է աղբարկղերի դիմաց կայանատեղի գծանշելը, երբ աղբատարները չեն կարողանում նույնիսկ աղբարկղերին մոտենալ (օրինակ՝ այս տեսանյութում ), այլևս անիմաստ է խոսել հանրային տրանսպորտի կանգառներին, կամուրջներին շատ մոտ գծանշումների մասին. դրանք վկայում են ոլորտը կարգավորելու գիտելիքների պակասի, անփութության, հետին նպատակներ հետապնդելու մասին:

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս