Ինչպես խուսափել գրիպից
Աշունը սկսվելուն պես մեզանից շատ-շատերը հիվանդանում են գրիպով: Մրսածությունը, կոկորդում ցավը և բարձր ջերմությունը ցուրտ եղանակի ուղեկիցներն են:
Բժիշկները հաստատում են, որ հենց օդի ջերմաստիճանի նվազումը, քամիները և հաճախակի անձրևները հանգեցնում են օրգանիզմի սառեցմանը, որից ընկնում է դիմադրողականությունը և իր հետ բերում շնչառական հիվանդությունների զարգացմանը:
Աշնանը փոխվում է մարդու սննդակարգը, քչանում է վիտամին С-ով և բիոլոգիական ակտիվ միացիություններով հարուստ մթերքների օգտագործումը: Իսկ վիտամին С-ի պաշարների պակասից էլ օրգանիզմի պաշտպանողական ֆունկցիաները թուլանում են:
Աշունը լի է նաև սթրեսներով, քանի որ դպրոցականների և ուսանողների մոտ սկսվում է ուսումը, իսկ աշխատողների մոտ՝ լարված աշխատանքը: Սթրեսները վնասակար ազդեցություն են թողնում օրգանիզմի վրա` թուլացնելով նրա պաշտպանական ֆունկցիան: Աշնանը սրվում են նաև քրոնիկական հիվանդությունները, որոնք թուլացնում են օրգանիզմը՝ հենց դրանով էլ տեղ բացելով վիրուսների և բակտերիաների համար: Երբեմն մրսածության նշանները տևում են շաբաթներ, եթե հիվանդը շարունակում է աշխատանքի հաճախել և չհետևել բժշկի ցուցումներին: Ցանկացած հիվանդություն շատ ավելի հեշտ է կանխել, քանի բուժել: Ստորև կներկայացվեն խորհուրդներ, որոնք կօգնեն ձեզ խուսափել մրսածությունից և դրա հետևանքներից:
Լիարժեք հանգիստ
Էներգիայի կորուստ չունենալու համար պետք է հետևել հանգստի և աշխատանքի հերթափոխին: Օրական պետք է քնել 7-8 ժամ, ոչ պակաս: Հենց քնի ժամանակ է կարգավորվում իմունային համակարգի աշխատանքը և վերականգնվում մյուս օրգանների և համակարգերի աշխատանքը: Այն, որ քունն ամենալավ դեղամիջոցներից մեկն է՝ վաղուց հայտնի է: Քնի պակաս ունեցող օրգանիզմն ավելի խոցելի է վիրուսների և բակտերիալ ինֆեկցիաների նկատմամբ:
Լիարժեք սնունդ
Աշնանը սննդակարգը պետք է լինի զանազան: Նախապատվությունը տվեք վիտամիններով, հանքանյութերով և այլ օգտակար տարրերով հագեցված մթերքներին: Սննդակարգում ընդգրկեք ձուկ, ձու, միս, կաթնաթթվային մթերքներ, թարմ բանջարեղեն և միրգ, թարմ քամած հյութեր: Օգտակար են նաև մասուրի հյութը և խոտաբույսերով թեյերը:
Օդափոխեք սենյակը
Աշնան կեսերից մարդիկ տաքացնում են բնակարանները, և հենց այդ ժամանակ էլ տարածվում են շնչառական հիվանդությունները: Բանն այն է, որ տաքացվող սենյակում օդը չորանում է, որն էլ չորացնում է քթի խոռոչի լորձաթաղանթը և հեշտացնում վիրուսի ներթափանցումը շնչառական ուղիներով: Ուստի, վարակվելու հավանականությունը նվազեցնելու համար խորհուրդ է տրվում օդի խոնավացուցիչներ, կամ էլ հաճախակի օդափոխեք սենյակը:
Մաքուր օդում զբոսանք և կոփումներ
Մաքուր օդում զբոսնելն ամրապնդում է դիմադրողականությունը: Օրգանիզմի դիմադրողականությունը կարելի է բարձրացնել՝ ամռանը կատարելով ջրային կոփումներ: Հիշեք, որ ջրային կոփումները պետք է կատարել միայն առողջ ժամանակ:
Պահպանեք հիգիենան
Հետևեք տան մաքրությանը: Ձեռքերը լվացեք օճառով տաք ջրում 30 վայրկյանից ոչ պակաս, հատկապես հասարակական տրանսպորտից օգտվելուց: Լվացեք նաև դեմքը և քթի խոռոչը: Այս պրոցեդուրաները կօգնեն ազատվել այն վիրուսային մասնիկներից, որոնք նստել են դեմքի մաշկին, ձեռքերին և քթի խոռոչում: Քթի խոռոչը խորհուրդ է տրվում լվանալ ծովային աղի լուծույթով, որը վաճառվում է ցանկացած դեղատանը:
Պատրաստեց ՇՈՂԵՐ ԳԱԼՍՏՅԱՆԸ