
Սնոուդենը ցանկություն է հայտնել ելույթ ունենալ ԱՄՆ կոնգրեսի առջև

Focus պարբերականի փոխանցմամբ՝ ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը, ով աշխարհին իրազեկել է ամերիկյան հատուկ ծառայությունների զանգվածային գաղտնալսումների մասին, ցանկություն է հայտնել ելույթ ունենալ ԱՄՆ կոնգրեսի առջև:
Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է գերմանական «Կանաչներ» կուսակցության պատգամավոր Կրիստիան Շտրյոբելեն, ով նախօրեին Մոսկվայում հանդիպել է Սնոուդենի հետ: Պատգամավորի խոսքերով՝ Սնոուդենը նամակ է հղել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, բունդեսթագի նախագահին ու գերմանական դատախազությանը որում բացատրել է իր դիրքորոշումը:
Նամակում Սնոուդենը նշել է, որ ամերիկյան պետական ծառայություններն օրենք են խախտել և ինքը ցանկացել է մերկացնել իր կառավարության գործողությունները: Միևնույն ժամանակ նամակում ոչինչ նշված չէ հասցեատիրոջ մասին:
Սնոուդենը սակայն ցանկանում է առաջին հերթին իր գործողությունները բացատրել ամերիկացի կոնգրեսականներին: Ներկայումս ԱՄՆ-ում նրան մեղադրում են պետական գաղտնիք հրապարակելու մեջ, մինչդեռ գերմանացի պատգամավորի խոսքերով՝ Սնոուդենն ամենևին էլ Վաշինգտոնի թշնամին չէ և չի ցանկանում վնասել իր ժողովրդին:
Սրանից առաջ էլ Շտրյոբելեն հայտարարել էր, որ Սնոուդենը պատրաստակամություն է հայտնել ժամանել Գերմանիա և վկայություն տալ ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի բջջային հեռախոսը գաղտնալսելու գործով: