
Սնոուդենը պատրաստ է Գերմանիայում վկայություններ տալ ԱՄՆ-ի կողմից Մերկելին գաղտնալսելու վերաբերյալ

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը պատրաստակամություն է հայտնել գերմանական հետախուզության աշխատակիցներին ու պատգամավորներին պատմել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի բանակցությունները գաղտնալսելու մանրամասները:
Այս մասին հայտարարել է գերմանական «Կանաչներ» կուսակցության պատգամավոր Հանս Քրիստիան Շտրոբելեն: Վերջինս Սնոուդենի հետ Ռուսաստանում հանդիպել է երեկ: Քաղաքական գործչի խոսքերով՝ ամերիկացին հասկացնել է տվել, որ շատ բան գիտի այդ թեմայի մասին և որ կարող է ժամանել Գերմանիա՝ վկայություններ տալու համար, քանի որ ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը հրաժարվել է համագործակցել գերմանական կողմի հետ:
Շտրոբելեն մտադիր է այսօր հայտնել Սնոուդենի հետ իր հանդիպման մանրամասները, ինչպես նաև հրապարակել Գերմանիայի կառավարությանն ամերիկացու հասցեագրած նամակը: 74-ամյա Շտրոբելեն հանդիսանում է Գերմանիայի խորհրդարանի այն հանձնաժողովի անդամ, որը հետևում է հատուկ ծառայությունների աշխատանքին: