
Ճապոնիան կարիք ունի ոչ թե բալիստիկ հրթիռների, այլ՝ մեծ բարձրություններում գործող ԱԹՍ-երի. ՊՆ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ճապոնիան չի պատրաստվում զինվել բալիստիկ հրթիռներով, սակայն կարիք ունի նոր տիպի ռազմական տեխնիկայի, այդ թվում նաև մարտական կոնվերտոպլանների և մեծ բարձրություններում գործող անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ): Այս մասին հայտարարել է Ճապոնիայի պաշտպանության նախարար Իցունորի Օնոդերան:
Վերջինիս խոսքերով՝ ռազմական նոր տեխնիկան անհրաժեշտ է մասնավորապես հեռավոր կղզիները պաշտպանելու համար: Նշվում է, որ վաղը Տոկիոյում առաջին անգամ տեղի է ունենալու Ռուսաստանի ու Ճապոնիայի դիվանագիտական ու պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների «2+2» ձևաչափով հանդիպումը:
Այդ նպատակով այսօր Տոկիո են ժամանել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, որոնք վաղը կերկխոսեն Ճապոնիայի արտգործնախարար Ֆումիո Կիսիդայի և պաշտպանության նախարար Իցունորի Օնոդերայի հետ: