
Ջոն Քերին խոստովանել է, որ ամերիկյան լրտեսական ծրագրերի մասշտաբը չափազանց մեծ է եղել

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին երեկ առաջին անգամ պաշտոնապես խոստովանել է, որ ամերիկյան լրտեսական ծրագրերի մասշտաբը չափազանց մեծ է եղել.
«Այո՛, մի շարք դեպքերում այն (լրտեսական ծրագրերը) չափազանց հեռու են գնացել: Սակայն գաղտնալսելն անհրաժեշտ է եղել, և այդ գործընթացի արդյունքում չեն տուժել անմեղ մարդիկ»: Քերին հավելել է, որ ամերիկյան հատուկ ծառայություններն այլևս չեն գաղտնալսի մերձակա դաշնակիցներին և մասնավորապես Գերմանիային:
Միևնույն ժամանակ ԱՄՆ կոնգրեսը սկսել է պատրաստել օրինագիծ, որը կսահմանափակի Ազգային անվտանգության գործակալության (NSA) լիազորությունները՝ կապված լրտեսական սկանդալների հետ:
Փոփոխությունները կրելու են չափազանց սահմանափակ բնույթ և հիմնականում առնչվելու են ԱՄՆ քաղաքացիների և ոչ թե օտարազգիների հանդեպ ամերիկյան հատուկ ծառայությունների գործունեությանը: Օրինագիծը հավանության է արժանացել Սենատի հետախուզական հանձնաժողովի կողմից: