Ադրբեջանցիները՝ ընդդեմ Ամուլսարի
Ամուլսարում ոսկու հանքավայրի շահագործման դեմ պայքարին միացել են նաև մեր հարևանները։ Նրանք հիմա էլ գրում են, որ Ամուլսարը ադրբեջանական տարածք է, և որ Մեծ Բրիտանիան համալրել է Հայաստանի կողմից խաբվածների շարքերը։
Այս մառազմի հեղինակը Քաղաքական նորարարությունների և տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մուբարիզ Ահմեդօղլուն է։ Հիշեցնենք, որ Ամուլսարի հանքավայրը պատրաստվում է շահագործել բրիտանական «Լիդիան Ինթերնեշնլ» ընկերության մաս կազմող «Գեոթիմը»։
Եվ հենց այս կապակցությամբ էլ Ահմեդօղլուն Trend.az-ին տված հարցազրույցում հիշել է Հայաստան այցելած արքայազն Չարլզին, Ամուլսարի դեմ բողոքող բնապահպան ակտիվիստներին, որոնց պատճառով արքայազնը ստիպված էր եղել դուրս գալ ետնամուտքից։
Մինչդեռ, ըստ քաղաքագետի, իրեն Ադրբեջանի բարեկամը համարող Արքայազն Չարլզը ավելի մեծ արդյունքի կհասներ, եթե այդ հարցը քննարկեր «Ամուլսարի հանքավայրի իսկական տիրոջ»՝ Ադրբեջանի հետ։ Ըստ Ահմեդօղլուի, Ամուլսարը գտնվում է Ադրբեջանի պատմական հողերի տարածքի վրա։ Դրանք իբր այն հողերն են, որոնք Ցարական Ռուսաստանը նվիրել է հայերին։
Ոմանք կարող են, իհարկե, մեզ մեղադրել ադրբեջանական հերթական զառանցանքը տիրաժավորելու համար։ Այն որ զառանցանք է, չենք վիճում։ Սակայն կարծում ենք՝ Հայաստանում պետք է կարդան նաև նման կարգի բաները։ Որովհետև ադրբեջանցիները թեպետ սովոր են պարբերաբար զառանցանքների որոշակի չափաբաժին բաց թողնել, սակայն նրանք միամիտ չեն և դրանով որոշակի հարցեր են ցանկանում լուծել։
Ավելին՝ նման զառանցանքների շնորհիվ կարելի է հասկանալ, թե ինչն է մտահոգում ադրբեջանցիներին։ Այսինքն՝ որ ոլորտում մենք հաջողություններ ունենք։ Տվյալ դեպքում, նրանց մտահոգում է, որ եվրոպական լուրջ ընկերությունը հետաքրքրություն է ներկայացնում մեր երկրի նկատմամբ: Նրանք չեն էլ թաքցնում, որ իրենց մտահոգում է, որ այդ գործընթացին կարող է միանալ նաև ԱՄՆ-ը, ինչի մասին խոսել է նույն քաղաքագետը։ Այսինքն՝ ադրբեջանցիներին վախեցնում է օտարերկրյա ներդրումների հոսքը, որը կարող է տեղի ունենալ, եթե «Լիդիան Ինթերնեշնլի» հայաստանյան նախաձեռնությունը հաջողություն ունենա։ Եվ կարծում ենք՝ չէր խանգարի, եթե այդ իրողությունը նկատի ունենային նաև մեր բնապահպան ակիվիստներից ու ընդդիմադիր գործիչներից ոմանք՝ ներդրումային այս նախագիծը դեռ չմեկնարկած վիժեցնելու փորձերից առաջ։