Բաժիններ՝

Ռուբեն Հայրապետյան. «Միշել Տեր-Զաքարյանն այնպես մերժեց, որ շարունակելն իմաստ չուներ»

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզչի անունն իմանալու համար դեռ սպասել է պետք: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն ասաց, որ բանակցություններ է վարում մի քանի մասագետների հետ, սակայն վերջնական պայմանավորվածության որևէ մեկի հետ դեռևս չկա:

«Այժմ բանակցություններ եմ վարում մի քանի մասնագետների հետ: Վարդան Մինասյանն իր կողմից խորհուրդ է տվել ընտրություն կատարել իսպանացի և իտալացի մասնագետների միջև: Նրանք ավելի լավ կարող են հասկանալ մեր հավաքականի մարտավարությունը, բնավորությամբ նման են մեզ: Սակայն չի բացառվում, որ նոր մարզիչն ազգությամբ գերմանացի կամ արգենտինացի լինի»,-ասաց պարոն Հայրապետյանը:

ՀՖՖ նախագահը հայտարարեց, որ երկու անգամ զրուցել է նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հետ, փորձել է նրան համոզել մնալ զբաղեցրած պաշտոնում, սակայն ոչինչ չի ստացվել. «Եթե ինձ երկու հանդիպումների ժամանակ չհաջողվեց Մինասյանին համոզել մնալ, ապա նրա որոշումը, կարող ենք ասել, վերջնական է: Ես շատ լավ գիտեմ Մինասյանի ունակությունները, կարողություններն ու նվիրվածությունը: Կարծում եմ՝ նա դեռ շատ անելիք ունի հայկական ֆուտբոլում: Հպարտ եմ, որ մենք նման բարձրակարգ մարզիչ ունենք»:

Ռուբեն Հայրապետյանը նոր մարզչի ընտրությունը կատարելիս առաջին հերթին փորձել է բանակցել «Նանտի» գլխավոր մարզիչ Միշել Տեր-Զաքարյանի հետ:

Կարդացեք նաև

«Առաջին հերթին Միշել Տեր-Զաքարյանի հետ բանակցություններ վարել: Սրտանց կուզենայի նա գլխավորեր հավաքականը, բայց հրաժարվեց ու այնպես հրաժարվեց, որ անիմաստ է շարունակել: Տեր-Զաքարյանը հայ է, ունի հայի մտածելակերպ, նրա թեկնածությունը շատ ցանկալի կլիներ:  Այլ հայ մարզչի այս պաշտոնում չեմ տեսնում:
Եթե հավաքականի առջև պետք է խնդիր դնենք, ապա պետք է լինի շատ բարձրակարգ մարզիչ: Հիմա մի մարզչի հետ բանակցում եմ, նա ասում է՝ ցույց տվեք խնդիր, եթե խնդիր կա, կգամ, եթե չկա, չեմ գամ: Այսպիսի մարզիչներ են մեզ պետք»,-ասաց Ռուբեն Հայրապետյանը:

Ամփոփելով Հայաստանի ազգային հավաքականի 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում ցուցադրած խաղը՝ Ռուբեն Հայրապետյանը նշեց, որ ամենաանհասկանալին և ցավալին Մալթայից կրած պարտությունն էր, իսկ տպավորիչը Հայաստան-Բուլղարիա՝ 2:1 հանդիպումը: Հայրապետյանը նաև հավաստիացրեց՝ նոր ընտրական փուլում մեր ընտրանու առջև միայն մեկ նպատակ է դրվելու՝ Եվրոպայի առաջնությանը մասնակցելու ուղեգիր նվաճել:

ԳԱՅԱՆԵ ԱԲԱՍՍՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս