Հայկ Ալումյան. «Դատարանը հնարավորություն ունի ներազդելու, եթե դատարանի վրա չներազդեն»

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը բողոքարկել է քննիչի երեք որոշումները: Հիշեցնենք, որ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանում քննվում են փաստաբանի երեք որոշումները՝ Տիգրան Խաչատրյանի և Զարզանդ Նիկողոսյանի նկատամամբ քրեական հետապնդումը դադարեցնելու, ազատ արձակելու մասին, Ավետիք Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդումը նրա մահվան կապակցությամբ դադարեցնելու մասին: Քննիչը դատարանին չի ներկայացրել ամբողջ քրեական գործը. ներկայացվել է միայն դրա մի մասը:

Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը նշում է, որ այդ հանգամանքը ցույց է տալիս, որ նախաքննական մարմինը թաքցնելու բան ունի: Ըստ փաստաբանի՝ ՀՀ քրեական դատավարության 290-րդ հոդվածի սահմանում է. վարույթ իրականացնող մարմինը պարտավոր է դատարանին ներկայացնել բողոքի վերաբերյալ բոլոր նյութեր:

«Բողոքի վերաբերյալ բոլոր նյութերը այս դեպքում քրեական գործի ամբողջ նյութերն են: Այդ վերապահումը օրենքն անում է այն դեպքերի համար, երբ ենթադրենք քրեական գործը բազմադրվագ գործ է, տարբեր դրվագներ տարբեր ժամանակ տեղի ունեցած հանցավոր գործողություններ են, ենթադրենք՝ մի բողոքը վերաբերում է դրվագներից մեկին կամ մեղադրյալներից մեկին, որը, ասենք, չի առնչվում մնացած մեղադրյալների կամ մնացած դրվագների հետ, այդ դեպքում՝ օգտվելով այդ վերապահումից, նախաքննական մարմինը կարող է միայն այդ դրվագի վերաբերյալ նյութերը ներակայացնել դատարան՝ մնացած դրվագները պահելով իրեն: Բայց այս դեպքում գործը վերաբերվում է միայն մեկ դրվագին, մեր բողոքը վերաբերվում է միայն այդ դրվագին, ամեն ինչ վերաբերվում է այս դեպքին»,- ասաց Հայկ Ալումյանը:

Հարցին՝ արդյոք դատարանը հնարավորություն չունի՞ ներազդելու նախաքննական մարմնի վրա, փաստաբանը պատասխանեց. «Դատարանը հնարավորություն ունի ներազդելու, եթե դատարանի վրա չներազդեն»:

 

Տեսանյութեր

Լրահոս