Թուրքիան F-35 կործանիչների հարցում պետք է կողմնորոշվի մինչև 2014 թվականի հունվար
Թուրքական Hürriyet Daily News թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի կառավարությունը և ռազմական պլանավորողները պետք է մինչև 2014 թվականի հունվարը որոշում ընդունեն նոր սերնդի F-35 կործանիչների ստեղծման վերաբերյալ ԱՄՆ-ի գլխավորած բազմազգ ծրագրին մասնակցելու շուրջ:
Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության քարտուղարության (SSM) ղեկավար Մուրադ Բայարը հայտարարել է, որ Անկարան շուտով կթարմացնի F-35 կործանիչի առաջին խմբաքանակի (երկու ինքնաթիռ) մատակարարման պատվերը, որը կասեցվել էր դեռևս հունվարին՝ կապված ինքնաթիռի գնի աճի և տեխնոլոգիական խնդիրների հետ:
Առաջին երկու ինքնաթիռի գնումից հետո Թուրքիան պլանավորել է պատվիրել 100 հատ F-35 կործանիչ, որոնք կփոխարինեն F-4 և F-16 ինքնաթիռներին: Ընդ որում, Բայարն ընդգծել է, որ Թուրքիան նախկինի նման պլանավորել է գնել F-35 տիպի 100 ինքնաթիռ:
Թուրքիան ընդգրկվել է ԱՄՆ-ի գլխավորած և 9 երկրից բաղկացած կոնսորցիումի կազմի մեջ, որը պետք է զբաղվի նոր սերնդի F-35 բազմաֆունկցիոնալ կործանիչի մշակմամբ:
Հիշեցնենք, որ վերջին մի քանի ամիսներին ԱՄՆ-ը շարունակ հրաժարվել է Թուրքիային հանձնել F-35 ինքնաթիռների ծրագրային ապահովման սկզբնական ծածկագրերը, որոնք անհրաժեշտ են այդ ինքնաթիռների տեխնիկական սպասարկման, ինչպես նաև դրանցում սեփական (թուրքական) արտադրության սպառազինություն տեղակայելու համար: