Բաց նամակ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին
ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Սամվել Ջաղինյանը բաց նամակ է հղել ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, որում մասնավորապես ասված է.
«Հարգելի պարոն ԿՈՍՏԱՆՅԱՆ,
ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության վարույթում քննվող քրեական գործով 11.05.2013թ-ին իմ պաշտպանյալ Մարտին Արմենակի Ծերունյանը ձերբակալվել է, 14.05.2013թ-ին նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով և որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Քրեական գործի նախաքննության ընթացքում բազմաթիվ միջնորդություններ և բողոքներ եմ ներկայացրել ինչպես նախաքննական մարմին այնպես էլ դատախազություն և դատարաններ: Բոլոր դեպքերում ստացել եմ չպատճառաբանված ու անհիմն բացասական պատասխաններ:
Այս ամիսների ընթացքում համոզված լինելով, որ իմ պաշտպանյալը իրեն մեղսագրված հանցավոր արարքի հետ որևէ կապ չունի, սպասել ենք իրավապահ մարմինների կողմից խնդրի արդարացի լուծմանը, որը սակայն օր-օրի առավել անիրատեսական դառնալով հանգեցրել է հիասթափության, սպառել հավատը և բաց նամակով Ձեզ դիմելու առիթ հանդիսացել:
Իմ պաշտպանյալ Մարտին Ծերունյանին առաջադրվել է անհիմն, մեղադրանք նրան որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը պատճառաբանված չէ և առհասարակ անհասկանալի է թե ինչ հանցավոր արարք է կատարելու մեջ է նա մեղադրվում:
Արդեն վեց ամիս է Մ. Ծերունյանը կալանավորված է այդ ընթացքում նրա հետ քննչական որևէ գործողություն չի իրականացվել, գործով քննիչը իմ պաշտպանյալին հանդիպել է ընդամենը երեք անգամ, որից երկուսը ընտրված խափանման միջոցի ժամկետը երկարացնելու միջնորդությունը ծանոթացնելու իսկ մեկը` ինչ որ փորձաքննության եզարակացություն ծանոթացնելու նպատակով, այսպիսով խափանման միջոցը վերածվել է պատժի:
Իմ պաշտպանյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառվել և երկու անգամ երկարացվել է առանց որևէ փաստական հիմքի:
Հարգելի պարոն գլխավոր դատախազ, բաց նամակով դիմելով Ձեզ հայցում եմ Ձեր բարձր աջակցությունը, խնդրում եմ ծանոթանալ Մ. Ծերունյանին առաջադրված մեղադրանքի էությանը: Համոզված եմ, որ այդ ժամանակ Ձեր համար ևս ակնհայտ կդառնա, որ Ծերունյանն որևէ հանցավոր արարք չի կատարել, նրան առաջադրվել է անհիմն և անարդարացի մեղադրանք, ուստի խնդրում եմ հանձնարարել իմ պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումն դադարեցնել և նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնել»:
Խորին հարգանքով թիվ 69105413 քրեական գործով մեղադրյալ Մարտին Արմենակի Ծերունյանի պաշտպան Սամվել Ջաղինյան