Կառավարությանը գաղտալսո՞ւմ են. Արծվիկ Մինասյանին հետաքրքրում է տեսանկարահանման սարքերի ձեռքբերման նպատակը

2014թ.-ի պետական բյուջեի նախագծի քննարկման շրջանակներում ԱԺ պետաիրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ՀՀ Կառավարության աշխատակազմ ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանին հարցրեց, թե ինչո՞ւ է գյուղատնտեսության նախարարության ոլորտին հատկացված 16 միլիոնից 7.5 միլիոնը Կառավարության աշխատակազմի տնօրինության տակ գտնվում: «Չե՞ք մտածում, որ ճիշտը այդ գործառույթի փոխանցումն է Գյուղատնտեսության նախարարությանը»,-հարցրեց Ա. Մինասյանը: Ի պատասխան՝ Վաչե Գաբրիելյանն ասաց, թե գուղնախարարության ծախսերն այնքանով են Կառավարության աշխատակազմի ներքո, որքանով նախատեսում են միջազգային պայմանագրերը. «Դա գրանտ ուղարկողների պահանջն է՝ կենտրոնացնել: Հակառակ դեպքում մենք չէինք կարող այդ գումարները ստանալ: Ես չեմ կարող բացատրել, թե ինչո՞ւ է այդ պահանջը դրվել, բայց դա ամրագրված է միջազգային պայմանագրով»: Ապա ՀՅԴ պատգամավորը նաև հետարքրքվեց, թե ինչ տեսանկարահանման սարքերի ձեռքբերման մասին է խոսվում փաստաթղթերում: «Էդ ինչ է՝ գաղտնալսման սարքե՞ր են: Գաղտնալսելո՞ւ եք Կառավարությանը»,-հարցրեց նա: Պատգամավորի խոսքը տեղից ընդհատեց Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը՝ ասելով, որ Կառավարությունն արդեն իսկ տեսագրվում է: Ա. Մինասյանն էլ կատակեց. «Արդարադատության նախարարը խանգարում է ինձ»: Ի պատասխան՝ Վաչե Գաբրիելյանը նշեց, որ Կառավարության շենքը հիմա անհրաժեշտ պահին տեսագրվում է, բայց չի ձայնագրվում, ուստի գաղտնալսման մասին չէ խոսքը:

Տեսանյութեր

Լրահոս