Տարիներ շարունակ մենք վճարել ենք նպաստներ, որն իրենից մի բան չի ներկայացնում

Հարցազրույց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Հերմինե Նաղդալյանի հետ

– Տիկին Նաղդալյան, «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի նախագիծը խորհրդարանական քննարկման ժամանակ քննադատությունների արժանացավ: Հնչեցին կարծիքներ, որ, մասնավորապես, պատգամավորներն արժանի չեն, որ իրենց աշխատավարձը կրկնապատկվի: Ի՞նչ եք կարծում`արժանի՞ են պատգամավորներն աշխատավարձի բարձրացման:

– Չեմ ասի, թե քննարկման ժամանակ հնչած կարծիքները քննադատություններ էին, որոնց պետք է արձագանքել կամ համարել արժեքավոր: Կան ուժեր, որոնք միշտ պետք է քննադատեն` ինչ էլ դա լինի, անկախ այն հանգամանքից` ծանրակշիռ փաստ ունե՞ն, թե՞ ոչ, ասելիք կա՞, թե՞ չկա: Դրանք ամենևին քննադատության տեսք չունեին:

Կառավարության համար, կարծում եմ, դահլիճում հնչած մոտեցումները, առաջարկները քննարկելի կլինեն, ինչից հետո մենք կունենանք ամբողջական լուծում: Եվ ամենակարևորն այն չէ, թե ինչպիսի՞ն է վարձատրության չափը, որովհետև իսկապես ցածր են աշխատավարձերը, և չեն խրախուսում մարդուն, որ նա տրվի իր աշխատանքին: Մենք առաջին անգամ ենք նման ամբողջական հարցի լուծում տալիս, և ես ողջունում եմ այս քայլը: Կարևորն այն է, որ մենք ճիշտ համակարգ ներդնենք և աշխատավարձերն աճեցնելու ճանապարհով` արժանավայել աշխատավարձ սահմանենք:

Կարդացեք նաև

– Պետական բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացնելով` աշխատանքի արդյունավետությունը, կարծում եք, կբարձրանա՞:

– Մենք կառավարության հետ երկար բանավիճել ենք այս թեմայով, թե երկրում պետք է լինի աշխատանքի վարձատրության ամբողջական քաղաքականություն, որը կընդգրկի աշխատանքի պարտականություններին, պարտավորություններին, ծանրաբեռնվածությանը համաչափ վարձատրություն, ճիշտ թիրախավորված խրախուսանքի միջոցներ և այլն: Օրինագիծը վերաբերում է շուրջ 200.000 աշխատակիցների: Ես էլ, ինչպես իմ կոլեգաները, համարում եմ, որ սա պարզապես լոկ աշխատավարձի մասին խնդիր չէ, այլ` այն ամբողջական քաղաքականության հիմնարար մի մասն է, որը համարվում է աշխատանքի վարձատրության կարևորություն: Մենք բավական երկար ժամանակ ենք ունեցել սրա անհրաժեշտությունը: Նախկինում եղել են խնդրի լուծումներ` աշխատավարձի բարձրացման, պարգևատրումների միջոցով, բայց մենք ունեցել ենք անհամաչափ իրավիճակ, որը չէր խրախուսում արդյունավետ աշխատանք, ոլորտների համաչափ զարգացում:

Պետական պաշտոնյաների մեջ մենք բավական ցածր աշխատանքի վարձատրության մակարդակ ունենք, որը հանգեցնում էր նրան, որ լավ, որակյալ կադրերը դուրս էին գալիս աշխատանքից կամ էլ ցանկություն չէին հայտնում ընդգրկվել պետական համակարգ:

Բացի դրանից` անկում էր ապրում նաև աշխատանքի արդյունավետությունը: Ճիշտ որոշումներ կայացնելու համար անհրաժեշտ է, որ բարձր պաշտոններում լինեն մարդիկ, որոնք իրենց մասնագիտական որակներով համապատասխանում են այն բարձր պահանջներին, որոնք կան այսօր:

Մենք հաճախ ականատես ենք լինում, որ շահագրգռվածություն չունեցող, լավ աշխատանքի չմիտված, աշխատավարձով չբավարարված, իր ընտանիքի հոգսերը հոգալ չկարողացող պաշտոնյան բավականին բարձր պաշտոն ունի` վարչության պետ, վարչության պետի տեղակալ, որոնց որոշումներից կախված է համակարգերում շատերի վիճակը, ընդհանուր աշխատանքի արդյունավետությունը, և այլն: Իշխանական այս վերտիկալը կարևոր է, որ սկզբից ճիշտ դրված լինի, որ բյուջետային ոլորտներում արդյունավետ աշխատանք ապահովենք: Իհարկե, ես հեռու եմ այն կարծիքից, որ սա հարցի իդեալական լուծում կլինի. բնականաբար, կլինեն թերություններ, բայց հենց դրանք շտկելու համար է անհրաժեշտ քննարկում, ժամանակ, որ դրանք կյանքում գործեն, ստուգվեն, որովհետև չկա որևէ օրենք, որը սպառիչ և իդեալական է ընդունվում:

– Համաձայն չե՞ք այն տեսակետներին, որ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի նախագծից առաջ ընդունված` գործազրկության 18.000 դրամ կազմող նպաստներից զրկելու որոշումը կապված է միմյանց հետ: Տպավորություն է, որ այդ 18.000-ականները գնալու են պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացմանը:

– Ես չեմ կարծում, որ այս երկու օրենքները միմյանց հետ կապված են, կամ դրանք պետք է կապել միմյանց հետ: Զբաղվածության ոլորտում մենք կարևոր խնդիր ունենք. արտաքուստ մեր շուկան դիֆիցիտային է թվում, և մենք ընտելացել ենք այն մտքին, որ աշխատատեղերի դիֆիցիտ կա, որ կա մարդկանց հսկայական բանակ, ովքեր աշխատանք են փնտրում, բայց մյուս կողմից էլ` մեծ թվով աշխատատեղեր կան, բայց աշխատողի դիֆիցիտ կա: Եթե շփվեք մեր գործարար աշխարհի, պետական համակարգի հետ, կտեսնեք, որ աշխատողների պահանջ կա, բայց չկան որակավորված մասնագետներ: Արդյունքում` ինչքան աշխատանք փնտրող կա, այնքան էլ ազատ աշխատատեղ կա, մի կողմից` կադրերի գերարտադրություն կա, մյուս կողմից` չափորոշիչներին համապատասխանող կադրերի պակաս: Եվ մենք ունենք այս իրավիճակը լուծելու խնդիր:

– Եվ նպաստներից զրկելը կլուծի՞ այս վիճակը:

– Տեսեք` տարիներ շարունակ մենք վճարել ենք նպաստներ, որն իրենից մի բան չի ներկայացնում, նպաաստառուի համար էլ խիստ սահմանափակ գումար է ու թույլ չի տալիս անհրաժեշտ ծախսերը հոգալ, մյուս կողմից էլ` նպաստառուների քանակն էլ այնքան բարձր է, որ բյուջեից գումարները, եթե չասեմ` փոշիանում են, ապա, խոշոր հաշվով, ազդեցություն չեն տալիս: Վերջին տարիների ընթացքում տարեկան 18-20 մլրդ դրամ մենք ծախսում ենք նպաստների վճարման համար: Պատկերացրեք, որ այս գումարը ստացողը իր ոչ մի վերքին դարման չի անում, բայց նաև ծախսերը չեն օգտագործվում նոր ծրագրերի ներդրման` աշխատատեղի բացման և այլնի համար: Մարդը նախընտրում է` աշխատանքի չգնալով և նպաստ ստանալով ապրել ու դուրս չգալ «չաշխատող» կարգավիճակից:

Հասարակ բան է` մի ամիս արձակուրդում ես լինում, հետո դժվարությամբ ես վերադառնում աշխատանքային ռեժիմին, չէ՞: Դե պատկերացրեք, որ հինգ տարի, տասը տարի «արձակուրդի» մեջ լինես, էլ աշխատանքային կյանք մտնելու ձգտումը կվերադառնա՞: Մեր գյուղական բնակավայրերում, մարզերում հաճախ ենք տեսնում, որ աշխատանք կա, բայց մարդիկ չեն ցանկանում աշխատել, աշխատող չկա: Պատճառն այն է, որ, հավանաբար, աշխատելու նկատմամբ սովորությունը բացակայում է` սովորել են նպաստին, օգնությանը, հումանիտար ծրագրերին: Բայց մյուս կողմից էլ` տվյալ աշխատատեղերը ցածր վարձատրվող են և չեն լուծում ապրուստի միջոցները:
«В сухом остатке»` բավական թվով մարդիկ չեն ստանա այն նպաստը, որ տարիներ շարունակ ստացել են, բայց կգնան աշխատելու:

Օրենքի ընդունման արդյունքում` իշխանությունը ոչ թե նպաստում է, որ իր քաղաքացին հարմարվի մի քանի կոպեկ նպաստին, այլ մղում է հսկայական աշխատուժին` վերամասնագիտանալու, վերադառնալու գործի, այսօրվա աշխատանքային շուկային համապատասխան` գտնելու այս կյանքում իր տեղը: Զբաղվածության մասին օրենքը պոմպի պես է` այն մարդկանց, ովքեր ունակ են աշխատելու, մղում է աշխատանքի և ոչ թե` խրախուսում մնալ նպաստավորի կարգավիճակում, նպաստառուի հոգեվիճակում: Նպաստառուական հոգեբանությունից ու համակարգից դուրս գալ է պետք` սա կարևոր է: Կրկնում եմ` չէի պնդի, որ իշխանությունը համապարփակ լուծումներ է առաջարկել այս խնդիրները լուծելու համար, բայց, այնուամենայնիվ, կա քաղաքական կամք` առողջացնելու վարձատրության համակարգը:
«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս