Փոստանջյանը խոստանում է ոչ միայն դժվարին, այլև հետաքրքիր օրեր ու պահեր պարգևել
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն այսօր ԱԺ-ում՝ խոսելով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հայտնի՝ ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության կազմից «Ժառանգությանը» հեռացնելու որոշման մասին, ասել էր, թե այդ որոշմանը համապատասխան կլինեն բողոքարկման գործընթացներ: «Ձեզ սպասվում են դժվարին օրեր, պարոն Աբրահամյան, այդ թվում ձեր կուսակիցներին: Այդ գործողությունները ձեզ չեն ներվելու»,- զգուշացրել էր նա:
168.am-ի հետ զրույցում Զ. Փոստանջյանն ասաց, թե պատվիակությունների ընտրության կարգի փոփոխությունը նախաձեռնվել է «Ժառանգության» դեմ, ուստի նա խոստացավ, որ ոչ միայն «դժվար», այլև՝ «հետաքրքիր օրեր ու պահեր» պարգևել Հովիկ Աբրահամյանին և Սերժ Սարգսյանին:
«Շատ հետարքրքիր օրեր ու պահեր են սպասվելու ոչ միայն Հովիկ Աբրահամյանին, այլև՝ Սերժ Սարգսյանին, որովհետև Հովիկ Աբրահամյանն այդ խմբում պարզապես կատարող է»,- ասաց Փոստանջյանը:
Նա տեղեկացրեց, որ պատրաստվում է բողոքարկել Աբրահամյանի կայացրած որոշումը, և գուցե դիմի հենց ԵԽ ԽՎ-ին. «Այս որոշումը ոչ միայն հակասում է ԵԽ ԽՎ կանոնակագ-օրենքին, որը միանշանակ ասում է, որ քաղաքական ուժերը պետք է արդարացված ներկայացված լինեն: Տվյալ պահին Հովիկ Աբրահամյանի նախաձեռնած որոշումը կատարվում է ընդդիմության հաշվին: Ընդդիմադիր ներկայացուցիչը փոխարինվել է իշխանական ներկայացուցչով: Ակնհայտ խախտվել է պատվիրակությունը ներկայացնելու մանրակերտը, սկզբունքը, ըստ որի՝ պետք է արդարացի ներկայացված լինի կազմը, որովհետև հիմա կան անդամներ, ովքեր միայն մեկ քաղաքական դիրքորոշում ունեն: Աբրահամյանի որոշումը գործելու պահից այլ քաղաքական դիրքորոշում ԵԽ ԽՎ պատվիրակության կազմում չի ներկայացվի, որովհետև ներկայացված բոլոր ընդդիմադիրները հանահունչ են գործել ՀՀԿ-ի հետ այս պարագայում»:
Բողոքարկելու դեպքում, փաստորեն, Փոստանջյանի դիմումը քննվելու է ԵԽ ԽՎ կանոնակարգի և իմունիտետի հանձնաժողովում, որի անդամներն են Արմեն Ռուստամյանը և Դավիթ Հարությունյանը: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասաց, թե չի տեսնում ֆորմալ առումով որևէ լուրջ հիմք, ըստ որի` վեհաժողովը կպահանջի վերանայել կայացրած որոշումը. «Հիմքերը թույլ են»: