Զարուհի Փոստանջյան. Ընդդիմությունն ու իշխանությունը պայմանավորվել էին հարց չտալ Սերժ Սարգսյանին
Հոկտեմբերի 3-ին ԵԽ ԽՎ հայտնի նիստից հետո, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին հարց ուղղեց պատվիրակության «Ժառանգության» ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը, լուրեր տարածվեցին, թե պատվիրակության մշտական անդամ, ՀԱԿ ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանը նույնպես հերթագրվել էր Սերժ Սարգսյանին հարց ուղղելու համար, սակայն նրա հերթը չէր հասել:
168.am-ի հետ զրույցում Զարուհի Փոստանջյանն այս առնչությամբ ասաց. «Ընդդիմադիրներից միայն ես հարց ունեի: Եվ այն հիմնավորումները, թե հերթը չի հասել և այլն, և այլն այդպես չէ: ԵԽ ԽՎ-ն այն ամբիոնն է, որտեղ բազմակարծության սկզբունքը ամենահարգվածն է: Եթե հերթը իսկապես չի հասել կամ մտավախություն կա, որ հերթը կարող է չհասնել, կարող ես դիմել այն խմբակցության ղեկավարին, որին դու վեհաժողովում անդամակցում ես և հանդես գալ խմբակցության անունից: Եթե անգամ վերջում ես հերթագրվել, կրկին կարող ես դիմել քո քաղաքական ուժին, որին այնտեղ խմբակցում ես, և քեզ կտրամադրվի խմբակցության անունից ձայն հնչեցնելու իրավունք, հատկապես, եթե դու ընդդիմությունից ես: Բրասելը, ով Զուրաբյանի խմբի ղեկավարն է, բավական ժողովրդավար տիկին է, և եթե նա ցանկություն ունենար հարցը հնչեցնելու, նրա ցանկությունը իրականություն կարող էր դառնալ»:
Զարուհի Փոստանջյանը պնդում է, որ ԵԽ ԽՎ կազմում ընդգրկված թե ընդդիմադիրները, թե իշխանության ներկայացուցիչները մինչև Ստրասբուրգ մեկնելը նախօրոք «պայմանավորվածություն» են ձեռքբերել, որպեսզի հարց չտան նախագահ Սերժ Սարգսյանին: «Այս պայմանավորվածության շրջանակներում էլ ես հիմա հայտնվել եմ նման իրավիճակում, որ Հովիկ Աբրահամյանը նախաձեռնում է հեռացնել «Ժառանգությանը» և ընդդիմադիր ներկայացուցիչներն էլ կողմ են լինում դրան: Շատ եմ ցավում, բայց սա իրականություն է»,- հավելեց նա: