Բաժիններ՝

«Վճարում ենք 100 դրամ» շարժման անդամները սպառնում են անցնել ավելի սուր և ակտիվ գործողությունների

«Երևանի ավագանու կեղծված ընտրությունների արդյունքում ձևավորված տեղական ինքնակառավարման մարմինները, ելնելով իրենց բիզնես շահերից, շարունակում են ընդունել հակասոցիալական և ապօրինի որոշումներ:

Քաղաքային տրանսպորտի սակագների բարձրացումը դրա վառ օրինակներից է: Հանրային դժգոհության, համատարած բողոքի ակցիաների արդյունքում թանկացման որոշումը չեղյալ ճանաչելու փոխարեն ստեղծվեց հիմնականում նույն ՀՀԿ անդամների շահերը սպասարկողներից կազմված իմիտացիոն մի հանձնաժողով, ըստ էության, թանկացումների համար նոր, ավելի «համոզիչ» հիմնավորումներ փնտրելու նպատակով:

Քաղաքացիները ներկայացրեցին իրավական փաստարկներ` պաշտոնանկ անել ու օրենքներ խախտած և կոռումպացված երկու պաշտոնյաների՝ Միսակ Համբարձումյանին և Հենրիկ Նավասարդյանին:

Պաշտոնյաները, որոնք սպառել են հանրության կողմից իրենց և տեղական ինքնակառավարման մարմինների հանդեպ հարգանքի և վստահության վերջին չափաբաժինը, դրսևորել են համայնքային պաշտոնյային ոչ հարիր, քրեական տարրերին  բնորոշ վարքագիծ՝  ակնհայտ մարտահրավեր նետելով հանրությանը: Կասկածից վերէ, որ վերոհիշյալ երկու պաշտոնյաները պաշտոնանկ չեն արվում միայն մի պատճառով՝ հանդիսանում են երկրում իշխանությունը յուրացրած վարչախմբի կողմից ստեղծված հարստահարիչ համակարգի օղակներ, և նրանց պաշտոնանկությունը կնվազեցնի այդ համակարգի աշխատանքի արդյունավետությունը: 90 օր շարունակվող նստացույցն ի ցույց դրեց նաև վարչախմբի գաղափարական սնանկությունը, ոստիկանական համակարգի ընդամենը իմիտացիոն, կոսմետիկ փոփոխությունները:

Համարում ենք, որ սպառվել է այն ողջամիտ ժամկետը, որի ընթացքում ավագանին և քաղաքապետը հնարավորություն ունեին վերլուծելու ստեղծված իրավիճակը և կայացնելու օրինականության հաստատմանը և հանրային շահին միտված որոշումներ: Օրինախախտ երկու պաշտոնյաներին պաշտոնանկ անելու օրինականպահանջը 7-օրյա ժամկետում չկատարելու դեպքում մենք կդադարեցնենք նստացույցը՝ անցնելով ավելի սուր և ակտիվ գործողությունների:

Կոչ ենք անում բոլոր քաղաքացիներին, քաղաքացիական նախաձեռնություններին և քաղաքական միավորներին, որոնք կարևորում են երկրում պատասխանատվության ինստիտուտի կայացումը, անօրինության, անպատժելիության մթնոլորտի վերացումը, տրանսպորտի ոլորտի համակարգային փոփոխությունների անհրաժեշտությունը, միանալ այս հայտարարությանը և միասնական օրակարգ ձևավորելով՝ հետամուտ լինել վերոնշյալ խնդիրների լուծմանը»:

Վճարում ենք 100 դրամ շարժման անդամներ
22.10.2013թ.

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս