Աշոտ Մելիքյան. 2013թ. 3-րդ եռամսյակում արձանագրվել է լրագրողի նկատմամբ ֆիզիկական բռնության 1 դեպք
Այս տարվա 3-րդ եռամսյակում լրագրողների աշխատանքի անհանդուրժողականության դեպքեր են եղել տրանսպորտի ուղեվարձի բարձրացման փորձի և «Փակ շուկան» սուպերմարկետի վերածելու դեմ ուղղված քաղաքացիական շարժումները լուսաբանելու ընթացքում:
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն (ԽԱՊԿ) 2013թ. երրորդ եռամսյակում արձանագրել է լրագրողի նկատմամբ ֆիզիկական բռնության 1 դեպք: ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների ճնշումների քանակն եռամսյակում հասել է 15-ի, որից 8-ը դատական գործեր են, 6-ը՝ գործունեության խոչընդոտումներ, 1-ն այլ բնույթի ճնշում:
ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանը ԶԼՄ-ներին վերաբերող իրավական դաշտում տեղի ունեցած նշանակալի իրադարձություն է համարում սեպտեմբերի 30-ին Ազգային ժողովի կողմից «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրինագծի ընդունումը: Լրացված օրենքը կարգավորում է այլ ԶԼՄ-ների կողմից նյութերի օգտագործման պայմանները:
«Copy-paste նյութերն այնպիսի լուրջ մասշտաբների էին հասնում, որ ինքը՝ լրագրողական համայնքը, որոշեց որոշակի քայլեր ձեռնարկել: Լավ է, որ օրենսդիրը դրական արձագանքեց այդ նախաձեռնությանը»,- ասաց Աշոտ Մելիքյանը:
Հուլիսից սեպտեմբեր ամիսներին 8-ով ավելացել են լրագրողների և ԶԼՄ-ների դեմ վիրավորանքի և զրպարտության հիմքերով դատական հայցերը: Վերջին 9 ամիսներին դրանց թիվը հասել է 20-ի: Աշոտ Մելիքյանը կարծում է, որ դատարաններն արդեն սկսել են ավելի շատ տարբերակել և վիրավորանքը, և զրպարտությունը, և լրագրողների դատողությունները:
Որպես լրագրողի դեմ անտրամաբանական դատական որոշման օրինակ՝ Մելիքյանը նշեց «Իջևան ստուդիա» հեռուստաընկերության տնօրեն Նաիրա Խաչիկյանի գործը: Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը թեև մերժել էր «Իջևանի ՃՇՇ» ՓԲԸ-ի հայցը, բայց Նաիրա Խաչիկյանին պարտավորեցրել է վճարել դատական ծախսերը: Վճռաբեկ դատարանը վերադարձրել է բողոքը:
«Այդ շատ տարօրինակ որոշումը նախադեպ դարձավ, երբ հաղթող կողմը պետք է դատական ծախսերը հոգա»,- ասաց Աշոտ Մելիքյանը:
Համաձայն ԽԱՊԿ 2013թ. երրորդ եռամսյակային զեկույցի՝ ԶԼՄ-ների և լրագրողների իրավունքների խախտումներն ընդհանուր առմամբ աճել են 2-ով 2012-ի նույն ժամանակահատվածի համեմատ և նվազել 10-ով՝ նախորդ եռամսյակի համեմատ:
Հոկտեմբերի 18-ին «Մեդիա կենտրոնում» ներկայացվեց Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ–ների իրավունքների խախտումների մասին ԽԱՊԿ 2013թ. երրորդ եռամսյակային զեկույցը: Մամուլի ասուլիսի բանախոսներն էին ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանը և ԽԱՊԿ մեդիա-փորձագետ Աննա Ալոյանը:
Մամուլի ասուլիսի ամբողջական տեսագրությունը դիտեք այստեղ:
«Մեդիա կենտրոն»