
Եպիսկոպոսները շքեղություն են սիրում նաեւ Գերմանիայում

Գերմանական Լիմբուրգ քաղաքի կաթոլիկ թեմի առաջնորդ, 53-ամյա եպիսկոպոս Ֆրանց Փեթեր Տեբարց վան Էլստը հայտնի է դարձել նրանով, որ իր նստավայրի վրա ծախսել է առնվազն 31 մլն եվրո: Նա, մասնավորապես, այնտեղ հիմնել է սեփական այգի, բազմաթիվ հարկաբաժիններ է կառուցել ծառայողների համար, անձնական կապելլային է այնտեղ տեղակայել, գրում է Spiegel-Online-ը:
Նշված գումարն, ի դեպ, ամենեւին էլ ամբողջական չէ: Տեղական վարչակազմը, որը կատարում է աշխատանքների գնահատում, դեռեւս չի ավարտել հաշվարկները:
Շքեղության սիրահար եպիսկոպոսի մասին լուրերը հասել են Վատիկան: Դա, ինչ խոսք, հակասում է Ֆրանցիսկոս Պապի համեստ կենսակերպին, ինչով նա փորձում է օրինակ ծառայել: Հաղորդվում է, որ եպիսկոպոսին կանչել են Հռոմ, որտեղ, հավանաբար, բացատրություն կպահանջեն նրանից: