Այն, ինչ տեղի ունեցավ 2008 թվականին, շարունակվում է այժմ. Բիձինա Իվանիշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին թերթերի խմբագիրների հետ հանդիպման ժամանակ բացասաբար է գնահատել հոկտեմբերի 27-ին երկրում անցկացվելիք նախագահական ընտրություններից առաջ սահմանամերձ գյուղերում ստեղծված իրավիճակը՝ հավելելով, որ այդ գործընթացն օգտակար չէ ընտրություններից առաջ:

Իվանիշվիլին չի բացառել, որ այդ գործընթացը կապված է նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի հետ. «Այն, ինչ տեղի ունեցավ 2008 թվականին, շարունակվում է այժմ: Նրանք փուլ առ փուլ անում են այն, ինչի հնարավորությունը նրանց ընձեռվեց 2008 թվականին:

Նրանք իրականացրել են մեծ ագրեսիա, իսկ այժմ շարունակում են օկուպացրած տարածքների հաշվառումն ու ֆիքսումը: Խոսք է գնում աշնանը (ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր) նախաստորագրելու մասին, այդ պլանում կարող են անգամ խստացվել նրանց գործողությունները, սակայն մենք ունենք բոլոր հնարավորությունները՝ խանգարելու համար այդ գործընթացներին:

Ոչինչ չի խանգարի դեպի Եվրոպա շարժվելուն: Ինձ անհասկանալի է Ռուսաստանի վերաբերմունքն այն պլանում, որ Ռուսաստանին դուր չի գալիս այն, որ հետխորհրդային որոշ երկրներ կարող են դառնալ ԵՄ-ի անդամներ: Ինձ համար բացարձակապես անըմբռնելի է, որ Ռուսաստանը կարող է դեմ լինել ԵՄ-ին, և ես չէի սպասում նման արձագանք»:

Իվանիշվիլին հույս է հայտնել, որ Ռուսաստանը կըմբռնի դա, և հենց նրա մոտ ցանկություն կառաջանա դառնալ ԵՄ-ի անդամ:

Հիշեցնենք, որ սրանից առաջ Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին, ով պահվում է կալանքի տակ, հայտարարել էր, թե Ռուսաստանը մտադիր է Վրաստանի նախագահի թեկնածուներից Նինո Բուրջանաձեի միջոցով զանգվածային անկարգություններ կազմակերպել Թբիլիսիում արդեն հոկտեմբերի 28-ին՝ Վրաստանի նախագահական ընտրությունների հենց հաջորդ օրը:

Մերաբիշվիլին դա շաղկապել էր Վրաստանի եվրաինտեգրման (Վիլնյուսյան գագաթաժողովի) հետ՝ ընդգծելով, որ Ուկրաինայից, Մոլդովայից ու Հայաստանից հետո, թվում է, թե այժմ էլ եկել է Վրաստանի հերթը: Բուրջանաձեն, սակայն, հերքել էր այդ մեղադրանքը:

Տեսանյութեր

Լրահոս