Բաժիններ՝

Մի՛ վնասեք

Անգամ այսօր, երբ առողջապահությունը Հայաստանում թանկ է ու հիմնականում` ոչ մատչելի, բժիշկների մեծ մասի վերաբերմունքը հիվանդների հանդեպ հետևյալն է` ինչո՞ւ է այս հիմարն այսպես կառչում կյանքից:

Եվ այդ վերաբերմունքն է մեր երկրի առողջապահական համակարգի հիմքում: Համացանցում գրեթե ամեն օր հայտնվում են օգնության հուսահատ կոչեր. մարդիկ ստիպված են իրենց զավակին կամ հարազատին շտապ հասցնել արտասահման` բուժման: «Այդպես է միայն հնարավոր փրկել կյանքը»,- վստահեցնում են: Իսկ բուժման համար անհրաժեշտ են տասնյակ-հազարավոր դոլարներ: Ինչպե՞ս, որտեղի՞ց…
Ունենք Հերացու անունը կրող Բժշկական ինստիտուտ, ժամանակակից տեխնիկայով հարուստ հիվանդանոցներ ու ախտորոշիչ կենտրոններ:

Կան բազային գիտելիքներ ունեցող մասնագետներ, որոնց կարելի է բյուջեի հաշվին ուղարկել վերապատրաստվելու աշխարհի լավագույն կլինիկաներ` Իսրայելում, Գերմանիայում, ԱՄՆ-ում: Այսինքն` աշխարհում կիրառվող փորձը բերել Հայաստան: Միայն չասեք` փող չկա:

Օրերս մամուլում հրապարակվեց տեղեկատվություն. կառավարության պահուստային ֆոնդից մոտ 9 միլիարդ դրամ է հատկացվել Երևանի քաղաքապետարանին: Այդ գումարից 7,5 միլիարդն ուղղվելու է (այստեղ երևակայություն պետք չէ` գուշակելու, թե ինչի՞ վրա կարող են իշխանությունները միլիարդներ ծախսել) մայրաքաղաքի կենտրոնի ասֆալտապատմանը: Այս պահին գումարներ են մսխվում նաև Իսակովի պողոտայում: Ինքս ամեն օր երթևեկում եմ այս ճանապարհով և կարող եմ վկայել` հրաշալի, հարթ ճանապարհ էր: Քանդեցին ողորկ ճանապարհն ու նորից ասֆալտապատեցին` օրերով կաթվածահար անելով երթևեկությունը: Հիմա էլ քանդել են Իսակովի պողոտայից դեպի օդանավակայան տանող ճանապարհը: Վարորդները կվկայեն` ճանապարհի այդ հատվածը ևս գերազանց վիճակում էր:

Օդանավակայանից ոչ հեռու բնակվելով` հնարավորություն ունեմ մտածել բյուջետային միջոցները տնտեսելու այլ աղբյուրի մասին ևս. երկրի նախագահի արտասահման մեկնելիս և ժամանելիս` երկինք են բարձրանում ուղղաթիռներ: Դրանց հռնդյունն, անշուշտ, վախեցնում է տարածքում խաղացող երեխաներին և լվացք փռող տանտիկիններին: Չի բացառվում, որ ուղղաթիռները սարսափով են լցնում նաև հնարավոր ահաբեկիչներին: Փոխարենը` զայրանում կամ զվարճանում են այն վարորդները, որոնք ստիպված են կանգնել ու ճանապարհ տալ շեֆին հրաժեշտ տալու կամ «բարով եկար» ասելու շտապող չինովնիկներին: Նրանք շտապում են ծառայողական և ուղեկցող մեքենաներով: Մեքենաների բենզինն, ի դեպ, հարկատուներիս միջոցներով է գնված: Հակված եմ կարծելու, որ երկրի նախագահի անվտանգության խնդրի ավտոմատ լուծմանը կնպաստեր նաև բյուջետային միջոցների խելամիտ ու ազնիվ տնօրինումը:

Սեպտեմբերի 21-ից այսկողմ բյուջեից մոտ 260 միլիոն դրամ ևս մսխվեց` սեպտեմբերի 21-ին Նունե Եսայանի համերգի ու Էրեբունի-Երևան տոնակատարության զիզիբիզիների վրա: Երկրում կաղում է ամենակարևոր ոլորտը` առողջապահությունը, մարդիկ` առանց տարիքային սահմանափակման, անզոր են ծանր հիվանդությունների դեպքում: Իսկ պետությունը լուծում չի առաջարկում` կյանքին փիլիսոփայորեն նայելուց բացի: Ֆեյսբուքով բարի մարդկանց դիմելը հիվանդների համար ևս, խոշոր հաշվով, խնդրի լուծում չէ:

Նման դեպքերում օրինական և գրագետ իշխանությունները պիտի որ հայտարարեին խնայողության ռեժիմ: Պետք է ուղղակի բացառվի փողերի վատնումը հրավառությունների, շքեղությունների, անմիտ պայմանականությունների, կրուիզների, ասֆալտը քանդելու և կրկին ասֆալտապատելու վրա: Սա կոչվում է` փողերի լվացում: Խնայված միջոցներն այնքան անհրաժեշտ են, մասնավորապես` առողջապահության համակարգը ոտքից գլուխ վերափոխելու համար:
Ցանկություն, հասկանալի է, չկա: Առողջապահական հիմնարկներում աշխատում է նույն հիերարխիան, ինչ իշխանության մեջ. գլխավոր բժիշկներն անգամ պոլիկլինիկաներում աշխատանքի ընդունելու համար բժիշկներից կաշառք են պահանջում` միջինը 3000 դոլար: Երիտասարդ բժիշկներին հիվանդանոցներում թույլ չեն տալիս հիվանդներ ընդունել: Փոխարենը` հերթեր են գլխավոր բժիշկների, բաժնի վարիչների դռների մոտ:

Օնկո ոլորտը Հայաստանում ամենաեկամտաբերներից է: Փող աշխատել. սա է հիմնական շարժիչ ուժը, որը ստիպում է այս ոլորտը մենաշնորհած երկու-երեք մասնագետի` դանակը ձեռքին` սպասել զոհերին: Եվ դա է պատճառը. երբ մեկին ախտորոշում են քաղցկեղ, հիվանդի հարազատների առաջին ռեակցիան Հայաստանից րոպե առաջ փախչելն է:

Ինքս երեք տարի առաջ եմ եղել Վ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում: Հիվանդ էր մայրս: Դա իսկական դժոխք է: Բժիշկների դռների մոտ հերթեր են. շարքով կանգնած են ու իրենց ընդունելությանն են սպասում քաղցկեղով տառապող, նիհար ու գունատ հիվանդները: Հերթի մեջ նրանք հնարավորինս աննկատ միմյանց են զննում ու միմյանցից հայացքներն արագ փախցնում:
Մեզ ընդունած բժշկուհին արագ կողմնորոշվեց` պատրաստ ենք բոլոր ծախսերը հոգալ, սակայն բոլոր ստուգումներն ու անալիզներն արդեն հանձնել էինք: Ի՞նչ նոր բան մտածեր խեղճը, երբ հանկարծ գլխի ընկավ:

Կոմպյուտերային տոմոգրաֆիայի (ԿՏ) եզրակացությունը համարեց ոչ բավարար և առաջարկեց նաև ռենտգեն հետազոտություն: Այդ հաստատությունից արագ ու տխուր հեռացանք:

Բարձրաստիճան չինովնիկները` երկրի նախագահի գլխավորությամբ, գիտեն` ինչպես մյուս ոլորտները, առողջապահության ոլորտը ևս բարձիթողի վիճակում է: Եվ դա է պատճառը, որ Հայաստանում նրանք միայն իրենց ճնշումն են չափում: Իսկ թանկագին առողջության մյուս տատանումների համար շտապ ինքնաթիռ են նստում ու մեկնում արտերկիր: Այդ մասին առաջինն աղմկում են երկինք բարձրացած ուղղաթիռները:
«168 ԺԱՄ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս