
ՓՄՁ-ները բողոքում են պահանջարկի անկումից և բարձր հարկերից

Հայաստանում փոքր ու միջին ձեռնարկությունների 47.6%-ը զբաղվում է առևտրով, 34.4%-ը` ծառայություններով, 15.5%-ը`արդյունաբերությամբ, 2.2 %-ը` շինարարությամբ, իսկ գերփոքր ձեռնարկությունների մոտ գերակշռում է առևտուրը` 55.2%: Սա պարզվել է «Ամերիա» խորհրդատվական ընկերության իրականացրած հետազոտության արդյունքներով: Ուսումնասիրության ընթացքում դիտարկվել է 1003 ՓՄՁ, որից 655-ը՝ Երևանում, 144-ը՝ Գյումրիում, 152-ը՝ Վանաձորում, 52-ը՝ Դիլիջանում:
Հետազոտությամբ պարզվել է, որ դիտարկված ՓՄՁ-ների 74.7%-ը գերփոքր է, 20.2 %-ը` փոքր, 5.1%-ը`միջին չափի (խմբավորումը կատարված է համաձայն Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին ՀՀ օրենքի):
ՓՄՁ-ների զարգացմանը հիմնականում խոչընդոտում են բնակչության ցածր պահանջարկը և բարձր հարկերը: Պահանջարկի անկումը հիմնականում արտագաղթի հետևանքն է, ինչպես նաև ժողովրդագրական ու սոցիալ-տնտեսական խնդիրները: