Մայրապետյանի սինդրոմը
Օգոստոսի 29-ին ՀՀ կառավարությունը հերթական անգամ հօգուտ «Լոկալ Դիվելոփըրզ» ընկերության` բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչեց Նալբանդյան, Պուշկինի, Աբովյան փողոցներով և Սախարովի հրապարակով պարփակված տարածքը և Տերյան 25-ը (որոշում N 958-Ն):
Կառավարությունը պարտավոր էր տվյալ տարածքների բնակիչներին ծանուցումներ ուղարկել, իսկ բնակիչները կառավարության որոշումը կարող էին դատական կարգով բողոքարկել որոշման ընդունումից հետո 1 ամիս ժամկետում: Սակայն կառավարությունը միայն հոկտեմբերի 3-ին է սկսել ծանուցումներն ուղարկել՝ այդպիսով քաղաքացիներին զրկելով բողոքարկելու հնարավորությունից: Տերյան 25-ի բնակիչներից Վարդան Գերավետյանը «168 Ժամին» տեղեկացրեց, որ բնակիչները շատ վճռական են տրամադրված, ամենևին մտադիր չեն դուրս գալ իրենց բնակարաններից ու նախապատրաստվում են բողոքի ակցիաներ անցկացնել, իսկ արդյունքի չհասնելու դեպքում պատրաստ են նույնիսկ իրենց անձնագրերը պատռել, նետել ՀՀ նախագահի նստավայրի առջև և այլ երկրից ապաստան խնդրել: Բնակիչները շենքերի պատերին արդեն «SOS» մակագրությամբ պաստառներ են փակցրել: «Բավական է, լկտիությունն էլ չափ ու սահման ունի, չի կարելի 3 շենքերի բնակիչներին այսքան տարիներ պահել նման վիճակում»,- վրդովված ասաց Վ. Գերավետյանը:
«Պետական կարիքների զոհեր» հ/կ նախագահ Սեդրակ Բաղդասարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ «Լոկալ Դիվելոփըրզը» մինչև այս տարեվերջ պետք է ավարտեր նշված տարածքների օտարման գործընթացը, բայց մինչ օրս ընկերությունը տարածքի սեփականատերերից ոչ բոլորի հետ է կնքել պայմանագրեր, և մարդիկ կան, որ ապրում են իրենց տներում:
«ՀՀ կառավարությունն առաջին անգամ 2007 թ.-ին էր այս նույն տարածքը «բացառիկ` գերակա հանրային շահի» անվան տակ մատուցել Սամվել Մայրապետյանին պատկանող ընկերությանը, հիմա նորից կրկնվում է նույնը, և նորից տալիս են «Լոկալ Դիվելոփըրզին»: Ստացվում է՝ խաղ ենք անում: «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենքի մեջ նշված է, որ տարածքը, որպես այդպիսին, կարող է բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչվել 7 տարի ժամկետով, այսինքն՝ եթե 7 տարի այդտեղ ոչինչ չի արվում, այդ տարածքը կորցնում է իր այդ կարգավիճակը: Բայց քանի որ Մայրապետյանը հանրության համար է փող աշխատում, նա 3 անգամ վերահաստատվում է: 2014-ին 7 տարին լրանում է, եթե Մայրապետյանն այս 6 տարում ոչինչ չի արել, 1 տարում ի՞նչ կանի: Այսինքն՝ ունենալու ենք մի այլ երևույթ, որ բնակիչները կանգնելու են խնդիրների առջև, ընկնելու են դատարանների դռները»,- ասաց Ս.Բաղդասարյանը:
2000 թ.-ին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ձեռնամուխ եղավ մի ծրագրի, որը սկիզբ դրեց Հյուսիսային պողոտային, որը, շատերի գնահատմամբ, անօրինական կառույց է, որովհետև կառավարության որոշմամբ (25 նոյեմբերի, 2000 թ., N 774)` Հյուսիսային պողոտայի շենքերի բարձրությունը չպետք է գերազանցեր Օպերայի շենքի երկրորդ հարկաշարքը (25 մ), սակայն իրականում կառուցվեցին 14 հարկանի շենքեր: Ս. Բաղդասարյանի բազմաթիվ նամակ-հարցումներին՝ արդյոք կա՞ կառավարության մեկ այլ որոշում, որ 7 հարկի փոխարեն` կառուցվի 14 հարկ, պատասխան չի ստացվել:
Այդ անօրինականության հետևանքով, Բաղդասարյանի խոսքով, սկսվեցին քաղաքացիների սեփականության իրավունքի զանգվածային խախտումներ՝ Հյուսիսային պողոտային հետևեց Գլխավոր պողոտան, հետո կառավարության «ախորժակը մեծացավ», և ընդունվեց մի որոշում, որ Երևանի 345 հազար քմ տարածքը պետք է վերցվի պետության կարիքների համար: Ս. Բաղդասարյանը նշեց, որ «Պետական կարիքների զոհեր» հ/կ-ի փորձը և իրականությունը ցույց են տվել, որ այս բոլոր ծրագրերը միտված չեն եղել սեփականատերերի բնակարանային պայմանների բարելավմանը:
Երբ քաղաքացիների մի մասը դիմեց Եվրոպական դատարան, և ՀՀ կառավարությանն ուղղվեցին բազմաթիվ հարցեր, վերջինս, հասկանալով, որ այդ գործընթացը շարունակական է լինելու, 2006 թ. վերջին նախաձեռնեց «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի ընդունումը` դրանով իրեն ապահովագրելով ՄԻԵԴ-ի որոշումներից: Դրանից հետո մինչ օրս կառավարության կողմից գերակա շահ ճանաչված բազմաթիվ որոշումներից գրեթե ոչ մեկի շինարարությունն ավարտին չի հասցվել: Ավելին` 2013 թ. ՀՀ կառավարությունը ճանաչեց, որ իր կողմից ընդունված այդ ծրագիրը ձախողվել է՝ Արամի փողոցի այդ չարաբաստիկ շենքում բնակարանները վաճառել են 4-5 հոգու:
«Այսօր այն վիճակն է, որ Երևանի կենտրոնը՝ Տերյան 23-25-ի և Պուշկին փողոցի պարփակված տարածքներն, արդեն 3-րդ անգամ են ճանաչվել բացառիկ հանրային գերակա շահ: Մինչ այդ, այս տարի ապրիլի 13-ին հաստատվեց Արամի փողոցի 72-80 հասցեներում ձախողված կառուցապատման ծրագրի արդյունքում տուժած անձանց գույքային կորուստների վերականգնման ծրագիրը: Արդյոք այն կաշխատի՞, թե՞ ոչ, հայտնի չէ: Այդտեղ 1 բնակարանը 4-5 հոգու վրա վաճառած կառուցապատողը ձերբակալված է, նա իր պատիժը կկրի, իսկ քաղաքացին կմնա պայմանագիրը ձեռքին, որը պետության կողմից երաշխավորված բացառիկ գերակա շահ էր ու դարձավ զուգարանի թուղթ»,- ասաց Ս. Բաղդասարյանը:
Ո՞ւմ է պետք բացառիկ` գերակա հանրային շահը
Իսկ ինչի՞ համար է պետությունը նման ծրագիր իրականացնում: Բաղդասարյանի գնահատմամբ` գաղափարը, կարծես, լավն է, կառավարությունը ֆինանսներ չունի, բնակարաններ չի կարող կառուցել ու տարածքը հատկացնում է մասնավոր կառուցապատողին: Բայց խնդիրն այն է, որ ոչ մի սեփականատեր մինչ օրս նման տարածքներում ոչ մի բնակարան չի ստացել: Դրանք կառուցվել են զուտ վաճառքի համար:
2007 թ.-ին Կոնդի, Ֆիրդուսի, Պուշկինի, Բուզանդի 13, Տերյանի 11-13 տարածքները բացառիկ` գերակա շահ ճանաչվեցին, բայց այսօր, ըստ Բաղդասարյանի, դրանք աղբանոցի են վերածվել. «Կոնդի տարածքի կառուցապատողը՝ «Դաուն թաուն Երևան» ընկերությունը, որ նույնպես անհասկանալի ձևով էր ընտրվել, և որը նույն «Գլենդել Հիլզն» է, սնանկ ճանաչվեց, և այսօր 120 քաղաքացիներ չունեն օթևան»:
Ֆիրդուսի փողոցի բնակիչների հետ 2007թ.-ին պայմանագիր կնքվեց, ըստ որի` 3 տարի անց նրանք կունենան հարմարավետ բնակարաններ. այսօր 2013 թ. է, իսկ նրանք դեռ վարձով են ապրում: Կառուցապատողը դեռ անցած տարի խոստացել է գինու գործարանի տարածքում կառուցվող շենքում 3 ամսվա ընթացքում բնակարաններ հատկացնել, մի քանի քաղաքացիների հետ վերակնքել է պայմանագրերը, բայց, ինչպես նշեց Բաղդասարյանը, մինչ օրս խոստումը չի կատարել:
Արամի փողոցում՝ ԱԳՆ-ին հարակից հատվածում, շինարարություն սկսեց նախկին պատգամավոր Մելիք Գասպարյանը, ով մահացավ, իսկ տարածքը գնեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նա կառուցեց «Իմպերիալ» հյուրանոցը, բնակիչներն էլ չստացան իրենց հասանելիքը: Ս. Բաղդասարյանը նշեց, որ դրա հարևանությամբ Ավետիք Իսահակյանի անվան քանդված գրադարանն է, բայց ո՞վ է դրան ուշադրություն դարձնում, մի՞թե դա հանրային տարածք չէ:
Պուշկինի փողոցի՝ վերը նշված տարածքի վերաբերյալ կառավարության որոշման մեջ ասված է. «Տարածքներում առկա են տեղական նշանակության հուշարձան շենքեր և շինություններ, որոնք այժմ գտնվում են անմխիթար վիճակում: Կառուցապատման աշխաատանքները թույլ կտան մասնավոր ներդրումների հաշվին վերակառուցել և վերականգնել այդ շենքերը` Հին Երևանի ճարտարապետական ոճը համադրելով ներկայիս կառուցվող շենքերի հետ»: «Պետական կարիքների զոհեր» հ/կ-ի հետազոտություններով և ՀՀ դատախազության կազմած տեղեկանքի համաձայն՝ Հյուսիսային, Գլխավոր պողոտաների վրա կառավարության որոշումներով ծրագրեր իրականացելու ժամանակ քանդվել և ոչնչացվել են 29 պատմամշակութային հուշարձաններ, և դրանցից ոչ մեկը չի վերականգնվել:
Դրանց ֆասադային քարերը համարակալվում էին, այդ ընթացքում օրենքով պարտադիր պետք է ներկա լիներ լիազոր մարմինը՝ ի դեմս ՀՀ մշակույթի նախարարության պատմամշակութային հուշարձանների պահպանության գործակալության բաժնի ներկայացուցչի, բայց հ/կ-ում եղած տեսանյութերում էքսկավատորով խփում, փշրում էին պատերը: Ս.Բաղդասարյանը տեղեկացրեց, որ հետագայում իրենք բազմիցս խնդրել են հայտնել քարերի պահպանման վայրը, իրենց հասցե են տվել, գնացել են, բայց նման հասցե ընդհանրապես չի եղել:
Ս.Բաղդասարյանը նշեց, որ «Լոկալ Դիվելոփըրզը», համաձայն օրենքի, որպես կառուցապատող` պարտավոր է կնքել պայմանագիր քաղաքապետարանի հետ, որտեղ պետք է նշի` ի՞նչ պարտավորություններ է ստանձնում, հետագայում այդ պայմանագրով հանդես է գալիս որպես ձեռք բերող և պայմանագրեր է կնքում քաղաքացիների հետ: Սակայն, նրա համոզմամբ, պայմանագրերը պետք է լինեն եռակողմ՝ պետությունը պետք է հանդես գա` որպես երաշխավոր. «Վաղը կառուցապատողը կարող է սնանկ ճանաչվել, կամ տերը` մահանալ, այդ դեպքում ի՞նչ պետք է անի քաղաքացին»:
Ս.Բաղդասարյանի խոսքով` Բուզանդ փողոցի տարածքի կառուցապատող «Վիզկոն» ՍՊԸ-ն այն ժամանակվա իշխանությանը մեղադրեց կաշառակերության մեջ, հստակ հայտարարություն արեց, որ 550 հազար դոլար կաշառք է տվել Երվանդ Զախարյանին և դատավորներին, և ասաց, որ պատրաստ է ներկայացնել փաստաթղթեր: Չնայած դրան` գործին ընթացք չտրվեց:
«Ոչ մի տեղ քաղաքապետարանը չի ասում, թե խնդիր կա, ասում են՝ լոխ լավ ա»,- նկատեց Ս.Բաղդասարյանը:
Ըստ նրա` Պուշկինի տարածքում գտնվում են Աբովյան 10 և 12 շենքերը, որոնք պատմամշակութային հուշարձաններ են, ավելին` Աբովյան 10-ում ժամանակին Մաքսիմ Գորկին է ապրել, իսկ Սախարովի հրապարակի վրա գտնվող Հրշեջ ծառայության արդեն նախկին շենքը հնություն է: Կա կառավարության որոշում պատմամշակութային հուշարձանների վերաբերյալ, որով Պուշկինի 2 հասցեի շենքը ենթակա է տեղափոխման: Բայց, Բաղդասարյանի գնահատմամբ, եթե հուշարձանը տեղափոխվում է, այն այլևս հուշարձան չէ. «Հյուսիսային պողոտայի կառուցապատման ընթացքում 29 պատմամշակութային հուշարձաններ քանդվեցին, ոչ մեկը չվերականգնվեց:
Բայց արդար լինելու համար պետք է նշել, որ, ի վերջո, մի շենք վերականգնվել է` խոսքը նախկին մեծահարուստ Սողոմոնյանի տան մասին է, որը գտնվում էր Կարապի լճի մոտ, Թումանյան փողոցի վրա, որտեղ հետագայում տեղակայված էր ՀՀԿ-ն: Այդ շենքը 1.5 հարկանի կառույց էր և Թումանյանի վրա տեղակայված էր լայնությամբ ու երկարությամբ: Այն տեղափոխվեց Կառավարության շենքի հետևի մասը, որտեղ հիմա ՀՀԿ-ն է, 1.5 հարկը դարձավ 3 հարկ և թեքվեց, որովհետև տարածքը նեղ էր: Այսինքն` այլանդակվեց: Էլ ի՞նչ հուշարձանի պահպանություն: Եվ այժմ ոչ մեկը չգիտի, որ դա եղել է հանրահայտ գինեգործ և կոնյակագործ Սողոմոնյանի տունը, որի պատրաստած կոնյակը 1893 թ.-ին Չիկագոյում ոսկե մեդալ է ստացել: Նույնիսկ մի ցուցափեղկ էլ չկա»:
«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքով` Երևանում շինաշխատանքները պետք քննարկվեն հասարակական լսումների ժամանակ: «Այս մեր տարածքում գտնվում են 4 պատմամշակութային շենքեր, դրանց ապագան հայտնի չէ: Նախադեպերը տխուր են. Ջանփոլադյանի թատրոնը քանդեցին` առանց կառավարության որոշման, և այն մինչև հիմա պահպանվող հուշարձանների ցուցակում է: Տեղի բնակիչները չիմանա՞ն, թե ինչ է կառուցվելու այդտեղ, իրենց ի՞նչ կհասնի»:
Մայրապետյանի սինդրոմը
Սամվել Մայրապետյանն առայժմ վայելում է իշխանությունների բարեհաճությունը: Ինչպես նկատեց Ս.Բաղդասարյանը` բացի Տերյան 25-ի, Պուշկինի տարածքներից, որ ճանաչվեցին բացառիկ` գերակա հանրային շահ և տրվեցին նրան, Հյուսիսային պողոտայում շատրվանների մոտ հսկայական համալիրը ևս նա է կառուցել, ԱՈԿՍԻ շենքի մոտ պետք է լինեին 2-3 հարկանի փոքր շինություններ, բայց Մայրապետյանը 9 հարկանի հյուրանոց է կառուցում, Պուշկին-Աբովյան անկյունի շինությունը նույնպես նրա ձեռքի գործն է…
Նրա կարծիքով` Երևանը պետք է զարգանա, ոչ մեկը դեմ չէ Հյուսիսային պողոտային, Փակ շուկան իսկապես «կռիսանոց» էր, բայց Սամվել Ալեքսանյանը պետք է հաստատված նախագծի համաձայն կառուցեր, իսկ Հյուսիսային պողոտայում 5 հարկանի շենքեր պետք է լինեին. «82 հազար քմ տարածքը բարձրահարկ շենքեր են կառուցել, մանկապարտեզ չկա, դպրոց չկա, գրադարան, պոլիկլինիկա չկա: Հիմա նախագծերում առաջին հերթին` ստորգետնյա կայանատեղի են նշում: Տերյանի վրա պատմամշակութային հուշարձան համարվող Աֆրիկյանների տունը քանդում են, որ փողոցը լայնանա: Կենտրոնը դարձնում են մայրուղի, իսկ Եվրոպայում կենտրոնում հեծանիվով են շրջում»:
«Ռ.Քոչարյանն իր ղեկավարած տարիներին շինարարությամբ 2 նապաստակ խփեց՝ աշխատատեղեր ստեղծեց ու տեսանելի տնտեսական աճ ապահովեց, իսկ գերնպատակը սև փողերի լվացումն էր: Եթե ուզում եք գումարներ թաքցնել և մախինացիաներ անել, ամենալավը կազինոն է և շինարարությունը: Ոչ մի տեղ գրված չի, թե ով է Հյուսիսային պողոտայում շինարարություն արել: Ու այդ բոլորի գլխին կանգնած իրավաբան «հանճարը» Դավիթ Հարությունյանն է, որ լուծել է իրավական խնդիրները: «Գլենդել Հիլզը», որ նույն «Սիթի սենթր դիվելոփմենթն» է, որը Ֆիրդուսի տարածքում ձախողում է պետական ծրագիրը, միաժամանակ պետական գումարներով Գյումրիում կառուցում է Մուշ թաղամասը, որտեղ առաստաղ է փլվում: Այս ամենը բիզնես է: Այս երկիրը դարձրել են իրենց դուքյանը, մենք էլ իրենց թույլտվությամբ ենք շնչում: Բոլոր ոլորտները յուրացված են: Հյուսիսային պողոտան իրենից պատմամշակութային ոչ մի արժեք չի ներկայացնում, ոչ մեկն այդտեղ չի ապրի, տներում արևի լույս չի ընկնում: Դա, ի վերջո, կքանդվի»,- նկատեց Ս.Բաղդասարյանը: