Գալուստ Սահակյան. Առաջիկայում մի քանի մարզպետի փոփոխություն կլինի
168.am-ը ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից հետարքրքվեց` իրականությանը համապատասխանո՞ւմ են լուրերը, թե առաջիկայում իրենց պաշտոններին հրաժեշտ կտան ևս մի քանի մարզպետներ: Հիշեցնենք, որ այսօր Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանն ազատվեց աշխատանքից, և նրա փոխարեն նշանակվեց Արամայիս Գրիգորյանը:
Ի պատասխան Գալուստ Սահակյանն ասաց. «Հավերժության բանալին Հանրապետականի ձեռքում չէ: Մենք միշտ մտածում ենք` ինչի՞ հրաժարական տվեց, ինչի՞ մարզպետը փոխվեց, չեն փոխվում, ասում են` ինչի՞ չի փոխվում: Հիմա կյանք է, առաջ ենք գնում: Քաղաքական կոնյուկտուրա է և այնպես չէ, որ յուրաքանչյուր մարդ անընդհատ, անընդհատ, անընդհատ կարող է իր պաշտոնում հավերժել: Կյանք է` տարբեր մոտեցումներ կան: Այն մարդը, ով պաշտոնից հեռանում է, մի դիտարկեք, թե վարկաբեկված է, վատ գործ է արել… մարդուն շնորհակալություն հայտնեք իր կատարած աշխատանքի համար»:
Գալուստ Սահակյանը չբացառեց, որ առաջիկայում ևս մի քանի մարզպետի փոփոխություն տեղի կունենա, ապա հորդորեց՝ պաշտոնի փոփոխություններին այլ տեսանկյունից նայել. «Ընդհանրապես կառավարվող շրջանակներն այնպիսին է, որ անընդհատ փոփոխություններ լինում են: Մարդիկ են, աշխատում են, մեկը մի տեղ է տեղափոխվում, մյուսը մի տեղ, կյանք է, մոտեցումներ են… բայց սա չի նշանակում, որ մարդը վատն էր, դրա համար փոխվեց»:



