
Ադրբեջանի այսօրվա նախագահական ընտրությունների արդյունքները երեկ հրապարակվել են սոցցանցերում

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ այսօր Ադրբեջանում անցկացվող նախագահական ընտրություններից մեկ օր առաջ սոցցանցերում տեղեկատվություն է հայտնվել քվեարկության արդյունքների մասին: Այս մասին Эхо Москвы-ի իր բլոգում գրում է լրագրող Մովսուն Գաջիևը:
Նրա հաղորդմամբ՝ ընտրությունների արդյունքները՝ ամենայն մանրամասնությամբ, նշված են եղել iOS-ի ու Android-ի հատուկ հավելվածներում: Այդ հավելվածները մշակվել են Happy Baku ընկերության կողմից: Վստահեցվում է, որ հավելվածների մշակմանը մասնակցել է նաև Ադրբեջանի ԿԸՀ-ը:
Հավելվածներն ակտիվացվել են հոկտեմբերի 8-ին: Դրանցում առկա տեղեկատվության համաձայն, գործող նախագահ Իլհամ Ալիևի օգտին քվեարկել է ընտրողների 72.76 տոկոսը, իսկ ընդդիմության միասնական թեկնածու Ջամիլ Հասանլին՝ 7.4 տոկոսը:
Լրագրողի խոսքերով՝ այդ տվյալների հրապարակումն իրականացվել է «տեխնիկական սխալի» հետևանքով, ինչն աննկատ չի մնացել ադրբեջանական Meydan TV ինտերնետային ռեսուրսի լրագրողների կողմից, որոնք սքրինշոթ են արել դրանք և հրապարակել են Facebook սոցցանցում: