
Արամ Մանուկյանը ստացել է պայմանագրի կրկնօրինակը

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը օրերս հեռախոսզրույց էին ունեցել գազի գնի թանկացման պայմանագրի վերաբերյալ: Արամ Մանուկյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ խնդրել էր իրեն հրապարակել գազի գնի թանկացման պայմանագրի բովանդակությունը, ինչին ի պատասխան Տիգրան Սարգսյանը ասել էր, թե նման պայմանագիր չկա:
Վարչապետը ՀԱԿ պատգամավորին էր զանգահարել հենց այս առնչությամբ՝ խոստանալով ՀՀ էներգետիակայի և բնական պաշարների նախարարության հետ հարցը ճշտելուց հետո «հետ զանգել»:
168.am-ի հետ զրույցում Արամ Մանուկյանն ասաց, որ թեև Տիգրան Սարգսյանն իրեն «հետ չի զանգել», բայց փոխարենը իրեն են ուղարկել պահանջած պայմանագրի կրկնօրինակը: Արմեն Մովսիսյանը ևս այսօր նշեց, թե «ՀայՌուսգազարդում» առկա պայմանագրի օրինակը Տիգրան Սարգսյանի հանձնարարականով ուղարկվել է Ա. Մանուկյանին:
Սակայն ՀԱԿ պատգամավորը մեզ հետ զրույցում ասաց, թե չի կարող ասել` պայմանագիրն ինչ բովանդակություն ունի, քանի որ չի ծանոթացել դրան` քաղաքից բացակայելու պատճառով: