Ինչու է Տիգրան Սարգսյանը երեկ զանգահարել Արամ Մանուկյանին

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը խնդրում է օգնել, որպեսզի «գլուխ հանի» հասկանալու համար, թե գազի սակագինն ինչպե՞ս է թանկացել, եթե չկա թանկացման մասին պայմանագիրը: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ՀԱԿ պատգամավորն ասաց, թե ինքը մինչև այս պահը չգիտի՝ ո՞րն է իրականությունը, ի՞նչ է կատարվում՝ գազի թանկացման մասին պայմանագիր կա՞, թե՞ չկա:

«Վեց ամիս չորորրդ անգամ հնչեց իմ հայտարարությունը գազի գնի թանկացման մասին և որևէ հստակ պատասխան մինչ այս պահը չունեմ: Երկու օր առաջ վարչապետի պատասխանից մենք շփոթվեցիք: Անկեղծ ասած` շատերն են այդպես հասկացել, որ միգուցե ինքը շփոթել է այլ հարցի հետ, բայց իմ հարցը հստակ էր: Այս տարվա սկզբից ես անընդհատ գազի գնի պայմանագիր եմ ուզում: Մենք Հովիկ Աբրահամյանի հետ էլ նստել ու զրուցել ենք այս մասին, մտածում էի, որ նա ավելի շատ ինֆորմացիա կունենա, բայց ասեց` տեղյակ չի, եթե այսպես է ասել՝ անբացատրելի է: Նիստից հետո վարչապետին հարցրեցի, մենք տասը րոպե զրուցել ենք՝ բոլոր մանրամասնություններով: Ինքը ինձ համոզում էր, որ` այո, այդպես է եղել, որ պայմանագիր չի եղել, բայց գազի գինը բարձրացել է: Հավատացեք՝ լուրջ էր, սթափ էր: ինքը պատմում էր, թե գազի գինը ինչպե՞ս է որոշվել… ավելի շփոթվեցի, որովհետև Հովիկ Աբրահամյանն էլ ասեց՝ ո՞նց կարա գազի գինը առանց պայամանագրի թանկանա… Երեկ երեկոյան ինձ զանգահարում է վարչապետը և հավատացեք, որ խոսում էր էլի սթափ, հարցնում էր՝ ի՞նչ պայմանագիր ես ուզում:

Ասեցի` Տիգրան, ես վեց ամիս է պառլամենտում պատռվում եմ ՝ գազի սակագնի թանկացման պայմանագիրն եմ ուզում, ասեց՝ դու պետական պայմանագրի մասի՞ն ես ասում: Ասեց, որ երկու սուբյեկտ ստորագրել են: Չէ՞որ սուբյեկտներից մեկի սեփականատերը Հայաստանն է, բայց դուք պայմանագիրը չեք տալիս: Ասեցի, Տիգրան, եթե չես տալու, Ռուսաստանից կուզեմ: Ասեց` ճշտեմ, նորից կզանգեմ, բայց չզանգեց»:

Ըստ Արամ Մանուկյանի՝ կա երկու տարբերակ. կամ պայմանագիրը ստորագրված է, որը թաքցնում են մեր իշխանությունները, կամ այն գոյություն չունի և իշխանությունը ապօրինի է բարձրացրել գազի գինը. «Ես գնացել, խորացել եմ, հասկացա, որ պայմանագիր որևէ մեկը չի տեսել: Կարծում եմ՝ պայմանագիր եթե կա, ապա այնտեղ նման բաներ կան, որը հրապարակել պետք չի՝ վատ բաներ են: Երևի Սերժ Սարգսյանը այնպիսի բաներ է խոստացել, որ հնարավոր չէ հրապարակել: Մյուս տարբերակն էլ այն է, որ չկա պայմանագիր, գին են որոշել ու ապօրինի կերպով գազի թանկ գին են վերցնում: Եզրակացությունս այն է, որ երկու Սարգսյաններն անլուրջ մարդիկ են՝ նման արկածախնդրություն մի ազգի գլխին չի կարելի խաղալ»:

Տեսանյութեր

Լրահոս