
Զինվորը դաժան ծեծի է ենթարկվել՝ փորձելով կանխել իր հսկողության տակ գտնվող դիզվառելիքի գողությունը

Սուսաննան (անունը փոխված է) Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած դիմումով հայտնել է, որ ՀՀ ՊՆ զորամասերից մեկի մարտական հենակետում հերթապահող իր որդին` Կարենը (անունը փոխված է), 2009 թվականին փորձել է կանխել իր հսկողության տակ գտնվող դիզվառելիքի գողությունը: Դրա արդյունքում ժամկետային զինծառայողների կողմից ենթարկվել է դաժան ծեծի, ինչի հետևանքով նրա մոտ սկսվել են գլխի սուր ծակոցներ և առաջացել տեսողության կորուստ: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:
Սուսաննան հայտնել է նաև, որ իրենք գտնվում են սոցիալապես ծանր վիճակում, այդ իսկ պատճառով չի կարողանում վճարել որդու տեսողությունը վերականգնելու համար պահանջվող մեկ միլիոն ՀՀ դրամ գումարը:
Ներկայացված դիմումը Պաշտպանի աշխատակազմի կողմից ընդունվել է քննարկման, և համապատասխան գրություններ են ուղարկվել ՀՀ պաշտպանության նախարարություն` առաջարկելով քննարկել Կ.Մարգարյանի բուժումն իրականացնելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ տրամադրելու հնարավորության հարցը:
ՀՀ պաշտպանության նախարարությունը պատրաստակամություն է հայտնել Կարենին տրամադրել առողջարանի ուղեգիր` համապատասխան բուժում ստանալու նպատակով, սակայն քանի որ երիտասարդի առողջական խնդիրն այնպիսին է, որ ենթակա չէ առողջարանային բուժման, Սուսաննան որդուն անհրաժեշտ վիրահատության համար խնդրել է պահանջվող գումարը:
Պաշտպանի աշխատակազմի հետևողականության և ՊՆ ռազմաբժշկական հանձնաժողովի հետ անմիջական համագործակցության արդյունքում Պաշտպանության նախարարության կողմից Սուսաննային տրամադրվել է իր որդու բուժումն իրականացնելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ: