Տարոն Մարգարյան. Ճիշտ է, այդ տարածքները, նաև ձեր սեփականությունն են, սակայն չեն կարող նույն տեսքով պահպանվել մայրաքաղաքի սրտում
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է մայրաքաղաքում խոշոր կառուցապատում իրականացնող այն ընկերությունների ներկայացուցիչների հետ, որոնք ավելի քան 10 տարի է անավարտ են թողել հաստատված նախագծով շինությունների կառուցումը։
«Գրեթե մեկ տարի առաջ այս խնդրին էլի ենք անդրադարձել, սակայն անցած ժամանակահատվածում ոչ մի արդյունք չենք գրանցել։ Այսօրվա մեր հանդիպման նպատակն է մի վերջին անգամ քննարկել ու հնարավորին արագ լուծում տալ այս խնդրին: Առաջարկում եմ, Երևանի գլխավոր ճարտարապետի հետ համաձայնեցնելով, կազմել հստակ ժամանակացույց, որով կվերսկսեք շինարարական աշխատանքներն ու դրանք սահմանված ժամկետներում կհասցնեք ավարտին։ Եթե ունեք այլ առաջարկություններ, ապա քաղաքապետարանը պատրաստակամ է քննարկել նաև դրանք և իր լիազորությունների շրջանակում աջակցել: Ճիշտ է, այդ տարածքները, նաև կիսակառույցները ձեր սեփականությունն են, սակայն չեն կարող նույն տեսքով պահպանվել մայրաքաղաքի սրտում կամ քաղաքի ցանկացած այլ կետում», – ընդգծել է Տարոն Մարգարյանը։
Կողմերը պայմանավորվել են քննարկել ու հնարավորին սեղմ ժամկետում ներկայացնել ժամանակացույցի առաջարկ։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն