Բաժիններ՝

ԵԿԳ-ն ավարտում է խաղողի մթերումը

Երևանի կոնյակի գործարանն ավարտում է այս տարվա խաղողի մթերման աշխատանքները Արարատյան դաշտավայրում: Հոկտեմբերի 3-ի ժամը 14:00-ի դրությամբ Երևանի կոնյակի գործարանը մթերել է 33,298 տ խաղող:

Ընկերությունը Արարատի և Արմավիրի մարզերից արդեն մթերել է նախատեսված ծավալի 100 տոկոսը: Այդուհանդերձ, ընդառաջելով ընկերության հետ պայմանագրային հիմունքներով համագործակցող գյուղացիներին, ովքեր չեն հասցրել ժամանակին հանձնել իրենց պայմանագրով նախատեսված ծավալը կամ ունեն սահմանված ծավալներից ավել բերք, Երևանի կոնյակի գործարանը երկարացնում է մասնաճյուղերի աշխատանքը խաղողի ընդունման գծով: Մասնավորապես, ԵԿԳ Արմավիրի (Արմավիրի մարզ) և Այգավանի (Արարատի մարզ) մասնաճյուղերը  բաց կլինեն խաղողագործների համար մինչև հոկտեմբերի 4-ը ներառյալ:

ԵԿԳ Բերդի մասնաճյուղում (Տավուշի մարզ) մթերման աշխատանքները շարունակվում են: Հոկտեմբերի 3-ի ժամը 14:00-ի դրությամբ այստեղ մթերվել է ավելի քան 3,500 տ խաղող: Տավուշի մարզում ընկերությունը նախատեսում է մթերել շուրջ 4,500 տ խաղող: Մասնաճյուղը կշարունակի խաղողի մթերման իր պլանային աշխատանքը մինչև հոկտեմբերի 6-ը:

Հավելենք, որ Երևանի կոնյակի գործարանը խաղողի մթերումը մեկնարկել է սեպտեմբերի 9-ին: Այս տարի ընկերությունը  նախատեսել է մթերել 35,000 տ խաղող, ինչը շուրջ 10,000 տ-ով գերազանցում է անցյալ տարի մթերված խաղողի ծավալը: Մթերվող խաղողի 1 կիլոգրամի գինը սահմանվել է 145 ՀՀ դրամ Արմավիրի և Այգավանի մասնաճյուղերի համար և 135 դրամ Տավուշի տարածաշրջանի համար, անցյալ տարվա համապատասխանաբար 140 և 130 ՀՀ դրամի փոխարեն: Խաղողագործներին վճարումները կատարվում են երեք-չորս բանկային օրվա ընթացքում: Այս պահի դրությամբ փոխանցվել են մինչև հոկտեմբերի 1-ը մատակարարած բոլոր խաղողագործների գումարները, ինչը կազմում է մոտ 4.5 մլրդ դրամ (4,510,291,090 ՀՀ դրամ):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս