Բաժիններ՝

Թուրք ընդդիմադիրն անեկդոտ է պատմել Էրդողանի ներկայացրած ժողովրդավարական բարեփոխումների նոր փաթեթի մասին

Թուրքական Oda TV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ թուրք քաղաքական գործիչ, ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) փոխնախագահ Ումութ Օրանը որոշել է յուրօրինակ արտահայտել իր վերաբերմունքը վարչապետ Ռեջեփ Էրդողանի ներկայացրած ժողովրդավարական բարեփոխումների նոր փաթեթը:

Դրա հետ կապված՝ նա պատմել է մի անեկդոտ. «Ռուսը, ամերիկացին և թուրքը մահանում են, և այլ աշխարհի մուտքի մոտ նրանց դիմավորում է հրեշտակը, ով հայտնում է, թե նրանցից յուրաքանչյուրն իրավունք ունի մեկական հարց ուղղել իրեն:

Ամերիկացին հարցնում է, թե երբ է ավարտվելու ֆինանսական ճգնաժամը և պատասխան է ստանում, որ 10 տարի անց ամեն ինչ կարգին կլինի: Ամերիկացին սկսում է հեկեկալ. «Ես վաղ եմ մահացել և չեմ տեսնի դա»:

Ռուսը հարցնում է, թե Ռուսաստանը երբ վերստին կլինի զորեղ, ինչպես որ նախկինում էր: Հրեշտակը պատասխանում է, որ 25 տարի անց: Ռուսը նույնպես հեկեկում է՝ բողոքելով արագ մահից:

Երբ հերթը հասնում է թուրքին, նա հարցնում է, թե Էրդողանի ներկայացրած բարեփոխումների փաթեթի արդյունքում Թուրքիան երբ կվերածվի ժողովրդավարական երկրի: Այս անգամ սկսում է հեկեկալ հրեշտակը. «Ես չեմ կարող դա տեսնել, ես չեմ կարող»»:

Հիշեցնենք, որ Էրդողանը ժողովրդավարական բարեփոխումների փաթեթը ներկայացրել է սեպտեմբերի 30-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս