Բաժիններ՝

Էրդողանը ներկայացրել է ժողովրդավարական բարեփոխումների նոր փաթեթը

Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն այսօր ներկայացրել է երկրի ժողովրդավարության զարգացմանը միտված միջոցների նոր փաթեթը:

Դրա համաձայն, Թուրքիայի բոլոր քաղաքական կուսակցությունները անցում են կատարում երկու նախագահ ունենալու համակարգին: Այսինքն կուսակցությունների ղեկավարումն իրականացնելու են նրա երկու նախագահները:

Բացի այդ, վարչապետը հայտարարել է, որ նախընտրական քարոզչության ժամանակ կուսակցությունները կարող են օգտագործել ոչ միայն թուրքերեն, այլև՝ այլ լեզուներ, որոնցով խոսում են երկրում:

Երկրի ներսում ազգամիջյան հակամարտություններին վերջ դնելու համար ազգային ատելության հողի վրա կատարված հանցանքի պատժաժամկետը մեկ տարուց մեծացվում է մինչև 3 տարվա: Փաթեթով նախատեսվում է նաև Թուրքիայի պետական կառույցներում հիջաբ (մահմեդական գլխաշոր) կրելու արգելքի վերացում՝ բացառությամբ զինված ուժերի:

Էրդողանն անդրադարձել է ընտրական համակարգի փոփոխությանը, ինչը մասնավորապես վերաբերում է համամասնական ընտրակարգով խորհրդարան մուտք գործելու հարցում քաղաքական կուսակցությունների համար սահմանված 10 տոկոսանոց ընտրական շեմին:

Էրդողանը հիշեցրել է, որ իրենք չեն սահմանել այդ շեմը, դա սահմանված է եղել իրենցից առաջ: Նա առաջարկել է դրա հետ կապված 3 տարբերակ: Դրանցից մեկի համաձայն, ընտրական շեմը մնում է նույնը, երկրորդ տարբերակով այն նվազեցվում է մինչև 5 տոկոսի, իսկ երրորդ տարբերակի համաձայն՝ այդ շեմը վերացվում է ամբողջությամբ և անցում է կատարվում նեղ շրջանային ընտրական համակարգի:

Էրդողանի խոսքերով՝ Թուրքիայում փոփոխություններ իրականացնելու ճանապարհին ընկած ամենամեծ խոչընդոտը 1960 թվականի մայիսի 27-ի հեղաշրջումն է, որը հանգեցրեց Ադնան Մենդերեսի կառավարության տապալմանը: Իր ելույթում Էրդողանը շնորհակալություն է հայտնել թուրք երեք առաջնորդի՝ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքին, Ադնան Մենդերեսին ու Թուրգութ Օզալին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս