«Հայկական ժողովրդավարության» առանձնահատկությունները

Երեկ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում նախագահ Սերժ Սարգսյանի ունեցած ելույթը և եվրոպացի պատգամավորների մի շարք կարևոր հարցեր ու դրանց պատասխանները ստվերվեցին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, ԵԽ ԽՎ-ում հայկական պատվիրակության ոչ մշտական անդամ Զարուհի Փոստանջյանի՝ Ս. Սարգսյանին ուղղված հարցով՝ կազինոյում խաղալու ու մեծ գումարներ պարտվելու վերաբերյալ:

Զարուհի Փոստանջյանի հարցը Հայաստանում արժանացավ բավական խիստ գնահատականների, ընդ որում՝ Հանրապետական կուսակցության պատգամավորների մի մասն այդ գնահատականներում ավելի իջավ այն մակարդակից, որն իջնելու համար նրանք մեղադրեցին Փոստանջյանին: Բայց ներքին լսարանում նման բուռն արձագանք ստացած Փոստանջյանի այդ հարցը, թերևս, միանգամայն այլ տպավորություն թողեց եվրոպացի պատգամավորների շրջանում: Եվ եթե Փոստանջյանին դրա համար Հայաստանում գամեցին անարգանքի սյունին, ապա Ստրասբուրգում դրա շնորհիվ Հայաստանի իշխանությունն ու Փոստանջյանի հարցին չափազանց հանդուրժողական պատասխանած Սերժ Սարգսյանը հաստատ արժանացած կլինեն գովեստի խոսքերի՝ Հայաստանում ժողովրդավարության այնպիսի բարձր մակարդակ հաստատելու համար, որի արդյունքում ընդդիմադիրներն անգամ ԵԽ ԽՎ-ում նման հարցեր են հնչեցնում երկրի ղեկավարին:

Փոստանջյանի հարցի շուրջ բարձրացած աղմուկը երկրորդական պլան մղեց ԵԽ ԽՎ-ում Սերժ Սարգսյանի ելույթի ու հարցերին տրված պատասխանների բովանդակային հակասությունները: Առաջին հերթին` այն հակասությունը, որ իր ելույթում խոսելով եվրոպական արժեքների կարևորության, անշրջելիության և անփոխարինելիության մասին, Ս. Սարգսյանը միաժամանակ փորձում էր հիմնավորել Հայաստանի անդամակցությունը՝ խորքային առումով այդ բոլոր արժեքների դեմ ուղղված Մաքսային միությանը:

Ինչ վերաբերում է Զարուհի Փոստանջյանի հարցին, ապա հետաքրքիր է, որ լինելով ԵԽ ԽՎ-ում հայկական պատվիրակության ոչ մշտական անդամ, նա Ս. Սարգսյանին հարց ուղղելու հնարավորություն ստացավ, այն դեպքում, երբ հանձնաժողովի մշտական անդամներից, ասենք, Լևոն Զուրաբյանը, հերթագրված էր, սակայն չհասցրեց հարց ուղղել Ս. Սարգսյանին: Իսկ Փոստանջյանին այդ հարցն ուղղելու հնարավորություն էր տվել հայկական պատվիրակության մշտական անդամներից մեկը. ըստ որոշ տեղեկությունների` ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը:

Սրանք, իհարկե, մանրուքներ են, որոնք, սակայն, լավագույնս բնորոշում են «հայկական ժողովրդավարության» առանձնահատկությունները:

Տեսանյութեր

Լրահոս