
Արփինեի միամտությունը և Զարուհու հնարամտությունը

Երեկ ԵԽ ԽՎ-ում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի՝ նախագահ Սերժ Սարգսյանին ուղված հարցից հետո տեղեկություններ հրապարակվեցին այն մասին, որ Փոստանջյանը՝ լինելով ԵԽ ԽՎ հայաստանյան պատվիրակության կազմի փոխարինող անդամ, կարողացել է հարց ուղղել Սերժ Սարգսյանին, որովհետև հարց հնչեցնելու իր իրավունքը նրան փոխանցել է պատվիրակության մշտական կազմի անդամ Արփինե Հովհաննիսյանը: Իսկապես Զարուհի Փոստանջյանը հարց է ուղղել Արփինե Հովհաննիսյանի փոխարեն:
ԵԽ ԽՎ-ում ընթացակարգն այնպիսին է, որ ելույթ ունենալու կամ հարց հնչեցնելու իրավունք տրված է միայն պատվիրակության հիմնական կազմին, և այն դեպքում, երբ նրանք չեն օգտվում իրենց իրավունքից, կարող են այն փոխանցել փոխարինող կազմին: 168.am-ի տեղեկություններով` Զարուհի Փոստանջյանը դիմել է Արփինե Հովհաննիսյանին, ով համաձայնել է իր հարցի իրավունքը փոխանցել նրան:
Կարելի է ենթադրել, որ նա դա արել է պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի համաձայնությամբ:Հարց տալու համար հերթագրումը տեղի է ունենում օնլայն, և Զարուհի Փոստանջյանն առաջիններից մեկն է եղել, որ գրանցվել է: Հենց այդ պատճառով նա հերթում առաջ է եղել պատվիրակության մյուս անդամ Լևոն Զուրաբյանից, ով հնարավորություն չի ունեցել հարց տալ: Հերթագրումը սկսվել է դեռևս սեպտեմբերի 20-ին:
Մի՞թե Արփինե Հովհաննիսյանն այնքան միամիտ է, որ չէր կարող ենթադրել, թե ինչ բնույթի հարց կարող է հնչեցնել Զարուհի Փոստանջյանը. մեղմ ասած` դժվար է հավատալ: